Միլիտարիզմը կանանց նկատմամբ բռնության սկզբնաղբյուրներից է

Բռնությունը միշտ բերում է աղետալի հետևանքների, լինի դա ընտանիքում, թե ազգերի ու պետությունների միջև: Ընտանեկան բռնության դեպքերը Հայաստանում ցավոք մարդկային կյանքեր են արժենում. կան ամուսինների կողմից դաժանաբար սպանված և խոշտանգված, հոգեբանական բռնության ենթարկված կանայք և երեխաներ: Կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպություններում գրանցված ընտանեկան բռնության դեպքերը տարեկան հասնում են մոտ 2000-ի, սակայն ոլորտը կարգավորող օրենք չկա: Ավելին, հասարակությունը ևս անտարբեր է ընտանեկան բռնության նկատմամբ՝ հաճախ այն համարելով ընտանիքի ներքին խնդիր: Բայց չէ՞ որ բռնությունը բռնություն է, որտեղ էլ այն կատարվի:

Այսօր տարածաշրջանային և տեղական հակամարտությունները դարձել են երկրագնդի կենսական ընթացքի բաղկացուցիչ մասը: Իսկ մեր տարածաշրջանում հայ-ադրբեջանական սահմանային միջադեպերն առավել հաճախակի են դարձել՝ ազդելով երկու երկրների հասարակությունների խաղաղ համագոյակցության և Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման հնարավորությունների վրա, միաժամանակ ստեղծելով սպառազինությունների մրցավազք և գերմիլիտարիզացված համակարգեր: Նաև, վերջին տարիների ընթացքում աշխարհն ականատես դարձավ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վայրագություններին, կանաց մասսայական գերեվարման, բռնի ամուսնությունների, բռնաբարությունների և շուկաներում վաճառքի հակամարդկային տեսարանների: Զինված հակամարտությունների արդյունքում ի հայտն են գալիս փախստականների եւ ներքին տեղահանվածների հսկայական հոսքեր եւ ճամբարներ, որոնց ճնշող մեծամասնությունը սովորաբար լինում են կանայք եւ երեխաներ: Տարբեր միջազգային կազմակերպությունների ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ փախստականների եւ ներքին տեղահանվածների ճամբարներում կանայք հաճախ ենթարկվում են սեռական բռնության, բացակայում են նրանց ֆիզիկական անվտանգության ապահովման անհրաժեշտ միջոցները:

Ինչպես ընտանեկան բռնության, այնպես էլ տարբեր հակամարտությունների արդյունքում խաթարվում է երեխաների բնականոն կյանքն ու սահմանափակում նրանց կրթություն ստանալու հնարավորությունը: Կրթությունը հանրային բարիք է եւ ամրագրված է «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի» 26-րդ հոդվածում, որպես հիմնարար իրավունք, սակայն ըստ վերջին ուսումնասիրությունների գրեթե 58 մլն երեխա չունի դպրոց հաճախելու և կրթություն ստանալու հնարավորություն, այն դեպքում, երբ 2014 թ.-ին համաշխարհային ռազմական ծախսերը կազմել են $ 1,8 տրլն: Միլիտարիզմը համարվում է կանաց նկատմամբ բռնության հիմնական սկզբնաղբյուրներից մեկը, այն ձևավորում է վախի մթնոլորտ՝ հետապնդելով որոշակի խմբավորման տնտեսական ու քաղաքական շահեր: Միլիտարիզմի հետևանքները կործանարար են և ազդում են մեր հասարակության հոգեբանական, մշակութային կառուցվածքային ու նյութական իրավիճակի վրա: Բռնությունը կարող է շղթայական տարածվել, և եթե ընտանեկան բռնության հանդեպ հասարակությունը զգայուն չէ, չի դատապարտում ու չի փորձում կանխարգելել վայրագ դրսևորումները, չի կարողանա լուծել նաև պետության ու աշխարհի բնականոն ընթացքին ու խաղաղությանը սպառնացող խնդիրները:

 

Հեղինակ՝ Զառա Հովհանիսյան