ՀԷՑ-ի դեմ բողոքի ակցիային մասնակցող կանանց դրությունն անհանգստացնող է. ակտիվիստներ

Ոստիկանությունը հունիսի 23-ի առավոտյան ջրցան մեքենաներով ցրել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ցույցը Բաղրամյան պողոտայում: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու մասին որոշման դեմ ցույցը մեկնարկել էր ուրբաթ երեկոյան Ազատության հրապարակում: Այն վերաճել էր եռօրյա նստացույցի: Երևանում ցույցին մասնակցել են նաև բազմաթիվ կանայք՝ մեծահասակ, երիտասարդ, ինչպես նաև իրենց երեխաներով։ Շատերին ձերբակալել են։ Armfem-ը խոսել է ակտիվիստներ՝ Զառա Հովհանիսյանի և Նիկ Հեթուի հետ։

-Զառա, կանայք մասնակցում են ակցիային ու ենթարկվում են բռնությունների ոստիկանների կողմից, կան նաև ձերբակալվածներ. ի՞նչ ես կարծում այդ մասին.

-Կանայք մասնակցություն ունեն բողոքի ակցիային։ Հենց հիմա Մասիվի հիվանդանոցում մայր ու դուստր են պառկած՝ վերակենդանացման բաժանմունքում, ու բռնության հետքերով: Աղջկան հետ էր ժպրտել ջրի հզոր շիթը ու մայրը չէր հասցրել տեսնել, թե ինչպես են հիվանդանոց տեղափոխում դստերը, իսկ նրան ոստիկանները բերման էին ենթարկել ոստիկանական բաժանմունք: Թեև մարմնական լուրջ վնասվածքներ ուներ: Կանայք առաջին գծում էին, ու իրենց երեխաների հետ միասին:Իսկ ոստիկաններն էլ տարբերություն չեն դնում, դիմացը կին է, տղամարդ, թե անչափա հաս: Ես բռնության պահին ներկա չեմ եղել, բայց պատմել են, որ նոր տիպի սեռական բռնություններ են գործադրում: Տղամարդկանց սեռական օրգաններից բռնում ու սեղմում են, տապալում գետնին: էնպես որ տղամարդկանց հանդեպ էլ սեռական բռնությունները գործադրվում են։
-Ի՞նչ խորհուրդ կտաս բողոքին մասնակցող կանանց և ինչպե՞ս անեն, որ ապահով մնան.

-Կանայք շատ համարձակ են, բայց միևնույն ժամանակ խորհուրդ կտամ մի քիչ ավելի փակ շորեր հագնել, բաց մասերին հարվածների հետքերն էսօր նկարել եմ, ավելի ուշ կդնեմ, ահավոր են, չնայած շոգ է շատ, բայց դե մի կերպ պետք է պաշտպանվել։

-Ի՞նչ կասես տեսանյութի մասին.

Տեսանյութ՝
Դաժան բռնության ենթարկված ցուցարար աղջկան բժիշկը հրաժարվում է առաջին օգնություն տրամադրել։

-Հա, տեսանյութը տեսել եմ, դե շոգ-կրակ, երեխեքն էլ բաց հագնված, էլ չասեմ, որ ջրի շիթն այնքան ուժեղ է, որ մարդուն շպրտում է մի քանի մետր։

Զառա Հովդհանիսյանն անհանգստացած էր նաև, որ ձերբակալվածներից մի քանիսի նկատմամբ քրեական գործեր են հարցուվել, ինչը նշանակում է լուրջ դատական քաշքշուկ ու հոդվածներ։ Նա նաև պատմեց, որ զննություն իրականացնելիս ոստիկանական բաժանմունքներում ոստիկաններն անօթևան մարդկանց են բերում որպես վկա հանդես գալու նպատակով։ 
«Հիվանդանոցում ինձ պատմեցին, որ ոստիկանությունը նոր տիպի մեթոդներ է արդեն կիրառում, լավ յուրացրել են ռուսաստանի փորձը, տղամարդկանց օրգաններից են բռնում, ոլորում, տապալում գետնին, լրիվ վայրենացել են»,
-ասել է հրապարակախոս և ֆեմինիստ Զ.Հովհանիսյանը։


Եվս մեկ ակտիվիստ՝ Նիկ Հեթուն, ով հետևում է Երևանում զարգացող իրադարձություններին, անհանգստացած է, որ կանանց նկատմամբ անպատիժ բռնություններ են գործադրվում։
-Նիկ, ի՞նչ ես կարծում տեղի ունեցածի մասին.

-Այս պահին մենք ականատես ենք լինում իշխանության կողմից անհամաչափ արձագանքի, որը բազմաթիվ մարդկանց առողջությանն արդեն անուղղելի վնաս է հասցրել։ Սա գրեթե պատերազմական արձագանք է, որը ցույց է տալիս իշխանության վախը ժողովրդից, բայց նաև դրա պատրաստված լինելը նման իրավիճակի դեպքում, այն է՝ ոստիկանների նոր համազգեստը, նրանց զենքերը, կիսապատերազմական տրանսպորտը և այլն։

Այս դեպքում իշխանությունների կողմից արձագանքը կրկնակի է կանանց համար։ Ես արդեն բազմիցս լսել եմ շատերի արձագանքը կանանց մասնակցության մասին, ովքեր պնդում են, որ կանանց տեղը չէ, ինչպես նաև արդարացնում են նրանց նկատմամբ բռնություններն ասելով, որ աղջիկներն ինչո՞ւ են դուրս եկել փողոց որ մի հատ էլ դժգոհում են իրանց նկատմամբ կիրառված բռնություններից։

 

 

 

 

 

 

 

Անհանգստանում եմ, որ ոստիկաններն առավել դաժանությամբ են հարվածում ու տապալում կանանց՝ մտածելով, որ նրանք թույլ են և չեն կարողանա պատասխան տալ: Իմ ասածը հիմնավորելու համար, կարող եք դիտել մի շարք հասանելի տեսանյութեր երեկվա ցույցից։
Մյուս կողմից վտանգ կա, որ կին ակտիվիստները կարող են բռնության ենթարկվել հենց իրենց պես ցույցի դուրս եկած տղամարդկանց կողմից, քանի որ քաոտիկ իրավիճակից կարող է օգտվել ցանկացած որակի մարդ։


-Ի՞նչ խորհուրդ կտաս բոլորին.

-Այս պահին բոլորդ պետք է զգոն լինենք և թույլ չտանք նման բռնություններ։ Եթե տեսնում եք ինչ որ կնոջ նկատմամբ բռնության են ենթարկում անպայման միջամտեք։ Մենք պետք է համախմբված լինենք։ Սա տղամարդկանց պայքար չէ, կամ կանանց. սա բոլորիս պայքարն է: