Սև Վեներայի կյանքը և մահը. ռասիզմ և կանայք

 

Սև Վեներան մարդկային «գազանանոցի» առաջին նմուշն էր, նույնիսկ մահից հետո, նրա մասունքները ցուցադրում էին թանգարանում: Նրա կենսագրությունը Եվրոպայի պատմության ամոթալի էջերից մեկն է։

2012 թվականի օգոստոսին, մահից 187 տարի անց, ավելի շատ որպես «Սև Վեներա» անունով հայտնի Սաարտի Բաարթմանի բազմաչարչար մարմինը վերջապես տեղափոխվեց հայրենիք` Աֆրիկա մայրցամաքի հարավային մասը և թաղվեց Հենկի քաղաքի մերձակա բլրի վրա:

Սաարտին ապրեց ընդամենը մեկ քառորդ դար և մահացավ շատ երիտասարդ` զարգացած Եվրոպայի մայրաքաղաքներում հինգ տարի ստորացումների ենթարկվելուց հետո: Նրա պատմությանն է նվիրված ռեժիսոր Ա. Քեշիշի՝ «Սև Վեներան» ֆիլմը /2010թ. Ֆրանսիա/:

«Երջանիկ» ստրկություն

Ոչ մեկին հայտնի չէ մի փոքրիկ աղջկա ծննդյան տարեթիվն ու անունը, ում ծնողները սպանվել էին նիդեռլանդացի գաղութարարների կողմից: Աղջկա բախտը, որը ծնվել էր 1789-1890 թթ ընկած ժամանակահատվածում, բերել էր. նրան չէին սպանել: Նա դարձել էր ստրկուհի` հարուստ գաղութարարների ընտանիքում, ովքեր ապրում էին Քեյփթաունի մերձակայքում: Նրան կոչեցին Սարա, սակայն կանչում էին Սաարտի: Աֆրիկjան լեզվով, որով խոսում էին նրա տերերը, դա Սարա անվան փաղաքշական-արհամարhական ձևն էր:

Երաժշտական լսողության շնորհիվ նա արագ սովորեց տերերի լեզուն և կարող էր իր ձևով բարեկեցիկ ապրել նրանց տանը, որպես աղախին և ունենալ իր ընտանիքը և երեխաներ:

Ճակատագրի բաժանում

Մի անգամ ֆերմա այցելած անգլիացի վիրաբույժ Ուիլյամ Դանլոպը ուշադրություն դարձրեց աղջկա կառուցվածքի առանձնահատկություններին /մեծ, դուրս պրծած հետույք և աչքի ընկնող սեռական օրգաններ/: Վիրաբույժը Սաարտիի տիրոջ եղբորը` Հենդրիկ Ցեզարին առաջարկեց գումար աշխատել` այդ անսովոր նմուշը Լոնդոն տանելով:

Հարավային Աֆրիկայի գոթթենտոտեր ցեղի կանայք աչքի են ընկնում հետաքրքիր առանձնահատկությամբ` հետույքի հիպերտրոֆիա, որը կարող է լինել մինչև 2 մ տրամագիծ: Այս անոմալիան այսօր հայտնի է ստեատոպիգիա անվանմամբ։

Դեպքը տեղի ունեցավ 1809 թ, Անգլիայում ստրկավաճառությունն արգելող օրենքի ընդունումից երկու տարի անց: Այսինքն` Լոնդոն գնալու համար անհրաժեշտ էր ոչ միայն Կապի շրջանի նահանգապետ լորդ Կալեդոնի թույլտվությունը, որի համար նա հետագայում շատ զղջաց, այլ նաև հենց Սաարտիի համաձայնությունը:

Աղջկան, որն այդ ժամանակ 20 տարեկան չկար, համոզեցին, որ Լոնդոնում նա կարող է հարստանալ: Սաարտին համաձայնեց, ինչն էլ կանխորոշեց նրա հետագա ճակատագիրը:

«Մարդկանց գազանանոցներ»

1810 թ. Սաարտիին բերեցին Լոնդոն և սկսեցին փողի դիմաց ցուցադրել նրա մերկ մարմինը:

Աբորիգեններին նախկինում էլ տարբեր գաղութներից բերում էին, սակայն ընդունված չէր փողի դիմաց նրանց ցուցադրել բոլոր ցանկացողներին: Եվ հենց “Գոթթենտոտյան Վեներայի” /այսպես կոչում էին Սարային/ ցուցադրությունից էլ Եվրոպայում սկիզբ առավ “մարդկային գազանանոցների” խայտառակ պրակտիկան, որը գոյատևեց մինչև 20 -րդ դարի սկիզբը:

Վերջին “մարդկանց գազազանոցը” ներկայացվել էր 1958 թվին Բրյուսելում անցկացված “Էքսպո” ցուցահանդեսում, որտեղ բելգիացիները ցուցադրում էին կոնգոլեզյան գյուղն իր բնակիչներով

Այն մասին, որ դա ստորացնում էր մարդկային արժանապատվությունը, ոչ ոք չէր մտածում, քանի որ այնպիսի կատեգորիաները, ինչպես` հումանիզմը, քաղաքացիական իրավունքը և ազատության իրավունքը, լուսավորյալ Եվրոպայում չէին վերաբերում վայրի ցեղերի ներկայացուցիչներին, որոնց թվին էին դասվում աֆրիկացիներն ու այլ գաղութների աբորիգենները:

Լոնդոնյան “պայմանագիր” բժիշկ Դանլոպի հետ

Իմանալով Սաարտիի ստորացուցիչ վիճակի մասին, “Աֆրիկյան ասոցիացիա” աբոլիցիոնիստական կազմակերպության անդամները փորձեցին ազատել նրան այդ վիճակից: Դրա համար անհրաժեշտ էր ապացուցել, որ նա Լոնդոնում գտնվում էր ստրուկի կարգավիճակում:

Սակայն դատարանին ներկայացված բոլոր ապացույցները անուղղակի բնույթ էին կրում, իսկ հենց Սարան պատասխանելով դատավորի այն հարցին, թե արդյո՞ք իր մարմինը ցուցադրվում է սեփական կամքով, պատասխանեց, որ նա դա անում է առանց որևէ մեկի կողմից ճնշման ենթարկվելու և ցուցադրություններից ստացած եկամտից մաս ստանալու պայմանով: Օրինական տեսակետից դա ճիշտ էր թվում. նա ինքնակամ մեկնել էր Լոնդոն, համաձայնել էր իր մարմինը ցուցադրել հանրության առջև և իսկապես ցուցադրությունից ստանում էր մի փոքրիկ գումար:

Արդյունքում դատարանը բժշկի հետ նրա հարաբերությունները որակեց որպես “պայմանագիր” և հարցը փակվեց:

Չորս տարի անց, լոնդոնյան հասարակությունը կորցրեց իր հետաքրքրությունը Սաարտիի մարմնի նկատմամբ: Նրան վաճառեցին Ռեո անունով ինչ որ ֆրանսիացու, ով զբաղվում էր կենդանիների վարժեցմամբ:

Տեսնել Փարիզն ու նոր մեռնել.

Իր կյանքի վերջին 15 ամիսները Սաարտին անցկացրեց Փարիզում, որտեղ նրան ինչպես և Լոնդոնում, ցուցադրում էին հանրությանը: Սակայն այս դեպքում արդեն կյանքի պայմաններն ուրիշ էին և տերն էլ կոպիտ էր:

Փոխարենը Ֆրանսիայում նրանով հետաքրքրվում էին գիտնական մարդիկ: Նրանք հետազոտում էին Սարայի մարմինը, հրավիրում էին Փարիզի բուսաբանական այգում նրան նկարվելու “գիտական լուսանկարների համար”: Սարային հատուկ ուշադրություն էր դարձնում Բնական պատմության ազգային թանգարանի տնօրեն` Ժորժ Կյուվյեն: Նրան հետաքրքրում էին Սև Վեներայի ոչ միայն ֆիզիկական, այլ նաև մտավոր առանձնահատկությունները: Ադյունքում տպագրվեց զեկույց, որում խոսվում էր աղջկա շատ լավ հիշողության և հոլանդերեն լեզվին տիրապետելու մասին:

Մոտավորապես մեկ տարի անց, Սարան ձանձրացրեց ֆրանսիացիներին և նրան սկսեցին ենթարկել ստորացուցիչ վերաբերմունքի: Նա սկսեց խմել և զբաղվել պոռնկությամբ: 1815 թվականին Սարան մահացավ օսպից, սիֆիլիսից կամ թոքաբորբից:

Կյանքը մահից հետո.

Սաարտիի մասունքները չհուղարկավորվեցին քրիստոնեական ավանդույթի համաձայն, չնայած որ 1811 թ. դեկտեմբերին նա կնքվել էր Մանչեսթրի տաճարում: Նրա մարմինը հետազոտում էին, մասնատում և ցուցադրում մարդաբանության լեկցիաների ժամանակ, որպես “ապացույց”, թե որքան են նեգրերը մոտ եղել կապիկներին: Կմախքը, ուղեղը և մարմնի այլ մասերը պահվում էին սպիրտային լուծույթում և մինչև 1974 թ ցուցադրված էին Փարիզի Մարդու թանգարանում:

Սաարտիի մարմնի նկատմամբ անարգանքները դադարեցնելու մասին 20-րդ դարի 40-ական թվականներից հնչող բոլոր պահաջները մնում էին անպատասխան:

Միայն այն բանից հետո, երբ բանտից ազատված Նելսոն Մանդելան ընտրվեց Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ և իր պաշտոնում 1994 թ. ֆրանսիական կառավարությանը պաշտոնապես խնդրեց Սաարտիի մասունքները վերադարձնել հայրենիք, Ֆրանսիայում սկսեցին քննարկել այդ թեման: Եվ դա անում էին ութ երկար տարիների ընթացքում: