ԼԳԲՏ զավակների նկատմամբ ծնողների կիրառած պատժամիջոցները կարող են բերել ծանր հետեւանքների. Սեքսապաթոլոգ

 

Ծնողների կողմից իրենց ԼԳԲՏ զավակների նկատմամբ կիրառվող պատժամիջոցները կարող են բերել ծանր հետևանքների: Այս մասինLGBTnews.am-ի հետ զրույցում ասաց սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը: Նա նշեց, որ իրենց զավակների՝ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ լինելու մասին լուրը սովորաբար ծնողների համար լուրջ հարված է լինում:

«Ունեցել ենք դեպքեր, երբ ծնողն այդ մասին իմանալով՝ ծեծի է ենթարկել երեխային, ինչը ճիշտ չէ, քանի որ անձը մեղավոր չէ, որ ինքն այդպիսին է»,- ասաց Շահրամանյանն ու վստահություն հայտնեց, որ ընտանիքի կողմից երեխայի նկատմամբ ցանկացած տիպի ճնշում ավելի է բարդացնում նրա վիճակը, որն էլ իր հերթին բարդացնում է անձին ներդաշնակ վիճակի բերելու գործընթացը:

Շահրամանյանից հետաքրքվեցինք, թե հիմնականում ի՞նչ հանգամանքներում են ԼԳԲՏ անչափահասները դիմում իրենց, ինչին ի պատասխան սեքսապաթոլոգն ասաց, որ երբեմն նրանք դիմում են բժշկի օգնությանը՝ իրենց հիվանդ համարելով, երբեմն՝ ծնողների պարտադրանքով:

Սակայն սեքսապաթոլոգը միևնույն ժամանակ նշեց, որ քիչ չեն դեպքերը, երբ բժշկի դիմում են ԼԳԲՏ անձինք, որոնք բոլորովին էլ իրենց չեն համարում հիվանդ, այլ ակնկալում են ստանալ բժշկի օգնությունն՝ իրենց զուգընկերոջ հետ առաջացող խնդիրները լուծելու համար:

Սեքսապաթոլոգը նշեց, որ գոյություն ունի հիվանդությունների միջազգային դասակարգում, որով առաջնորդվում են բոլոր բժիշկները և հավելեց, որ վերջին վերանայման համաձայն՝ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները հիվանդներ չեն համարվում:

«Միայն մեկ ձևն է թողնվել հիվանդությունների շարքում, որը կոչվում է էգոդիստոնիկ ձև»,- ասաց Շահրամանյանը:

Նշենք, որ «էգոդիստոնիկ սեռական կողմնորոշումն», ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, հոգեկան խանգարում է, որի ժամանակ մարդը ցանկություն է հայտնում փոխել իր սեռական կողմնորոշումը՝ կապված հոգեբանական ու վարքի խանգարումների ի հայտ գալու հետ: Տվյալ դեպքում մարդը հստակ գիտակցում է իր հոմո- , բի- կամ հետերոսեքսուալությունը, սակայն հրաժարվում է ընդունել այն:

Տվյալ դեպքում հոգեկան խանգարում է համարվում ոչ թե մարդու այս կամ այն սեռական կողմնորոշումը, այլ՝ կողմնորոշումը փոխելու ներքին ցանկությունն ու դրա հետ կապված ապրումներն ու դեպրեսիան:

Նա նշեց, որ իրեն դիմող ԼԳԲՏ անձանցից շատերը հոգեբանական աջակցության կարիք են ունենում, լինում են նևրոզի հակված ու լարված վիճակում:

Հոգեբան Իրինա Ծատուրյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ վերջին շրջանում իրեն ավելի շատ են դիմում ԼԳԲՏ անձինք:

«Մոտ 3-4 տարի առաջ ինձ այդպիսի անձինք չէին դիմում»,- ասաց Ծատուրյանը:

Անդրադառնալով ծնողների կողմից ԼԳԲՏ զավակների նկատմամբ ճնշումներ գործադրելու պատճառներին՝ հոգեբանը նշեց, որ ծնողը պարզապես չի ցանկանում իր երեխայի մասին այդ տեղեկությունն ընդունել:

Հոգեբանը ևս շեշտեց, որ կարիք չկա միջամտել ԼԳԲՏ-ի անձնական կյանքին և նրա փոխարեն որոշել, որ նա ունի ինչ-որ մասնագետի օգնության կարիք:

«Եթե անհատը համարում է, որ ունի խնդիր, ապա նա կդիմի մասագետի, իսկ եթե նա չի համարում, որ խնդիր ունի, ապա ոչ ոք, այդ թվում և ես՝ որպես հոգեբան, իրավունք չունեմ նրան հակառակում համոզելու»,- ասաց Ծատուրյանը:

Աղբյուրը՝ LGBTnews.am