Քա՞նի կիլո վարունգ-պոմիդոր գրեմ

Լուսանկարը՝ intrawallpaper.com

Առաջին անգամ ինձ հետ էսպես եղավ մեկ տարի առաջ՝ տատիկիս մահանալու օրը. ես չկարողացա արտասվել, ուղղակի քարացել էր մեջս ամեն ինչ: Ես չէի հասկանում՝ զգո՞ւմ եմ ինչ-որ բան առհասարակ: Ես միշտ լացկան եմ եղել: Դեռ դպրոցական տարիքից. լացում էի գրիչի համար, որ տանն էի մոռանում, լացում էի բառը սխալ կարդալու համար ու էսպես շարունակ: Իսկ հիմա ես էլ չեմ լացում: Ինձ մոտ լացելու անկարողություն ա սկսվել: Չգիտեմ դեռ ՝ դա լա՞վ է , թե՞ չէ: Լացելու իմպոտենցիա է մոտս:


Երբ տատիկս մահացավ, ես դեռ պառկած էի անկողնուս մեջ: Արթնացել էի, բայց փակել էի աչքերս, որ կարծեն, թե քնած եմ: Ես միշտ եմ էդպես անում, որ ինձ հանգիստ թողնեն գոնե մի քիչ, թողնեն մնամ պառկած իմ մտքերի հետ: Այդ օրը ես լացի ձայներից հասկացա, որ տատիկս մահացավ: Պապաս էր լացում, հորեղբայրս ու էլ չեմ հիշում ովքեր կային տանը: Լուսաբաց էր: Ես ավելի պինդ փակեցի աչքերս, սեղմեցի ու ուզեցի վերանալ մտքերով մեր տնից: Բարձը դրեցի գլխիս: Մտածում էի միայն, որ իրեն ասելու շատ բան ունեմ
Հետո սկսեցին թաղման պատրաստությունը: Ինչ-որ հեռու-մոտիկ բարեկամներ եկան մեր տուն: Բոլորը ցավակցում էին մեզ հետո հարցնում, թե ինչո՞վ կարող են օգնել: Եսիմ, միակ օգնությունը կլիներ երևի էն, որ իրենք առհասրակ չգային: Թողնեին մեզ հանգիստ: Թոնեին մեզ մեր հիշողությունների հետ:
-Շատ մարդ կգա: Հա, ամբողջ գյուղը կգա: Խաշլաման շատ պետք ա եփել: Մեկնումեկդ ցուցակը կազմեք առևտրի: Ամեն ապրանքից քա՞նի կիլո ,ինչքա՞ն ա պետք առնել, որ մեկին ուղարկենք առևտրի:
-Ափսեներն է պետք բերել, բաժակները, պատառախաղներն ու դանակները:
-Սեղան –աթող ա պետք դնել դրսում: Բակը մեծ ա , բոլորը կտեղավորվեն:
-Կանայք ներսում կնստեն: Մեծ ա , կտեղավորվեն:
-Քա՞նի կիլո վարունգ-պոմիդոր գրեմ:
-Թաղումը վա՞ղը կլինի, թե՞ մի քանի օր հետո:
-Աստղ, արի էս հավաքած շկաֆի, դիվանի տակն ավլի ու սրբի:
-Ձուկ դնե՞նք սեղանին:
-Հա, անպայման, առանց ձուկ էլ ինչ թաղման սեղան:
-Ուրեմն լիմոն էլ գրի ցուցակի մեջ: Մի երկու կիլո:
-Շատ ժողովուրդ կլինեն:
Երևի էս խոսակցություններին էին պատճառը: Ես չէի հասկանում՝ ինչ է կատարվում: Ես ինչ-որ գործեր էի անում. ավլում էի տունը, սրբում էի փոշիները, ավլում էի բակը, կատվիս կեր էի տալիս, նոր եկած մարդկանց համար աթոռներ էի բերում, որ նստեն ու ինչ-որ բաներ խոսեն, որոնք բոլորովին կապ չունեն տատիկիս հետ: Գալիս լցվում էին տունը, երբեմն այնպիսի մարդիկ, ում ես կյանքում չէի տեսել, ովքեր բացարձակ անցանոթ էին մեզ: Եսիմ, լսել էին, որ տատս մահացել է, եկել էին: Ես սեղան էի դնում, վերցնում, մաքրում էի հատակը ու սուրճ էի պատրաստում: Ես մտածելու կամ կորուստը գիտակցելու համար ոչ տեղ ուենի, ոչ ժամանակ: Էդպես էլ չկարողացա լացել:
Հիմա էլ չի ստացվում լացել: Եթե լացեմ, կհասկանամ, որ զգում եմ: Եթե զգում եմ , ուրեմն ապրում եմ:
Ամեն ինչ մի օր դատարկվում ու վերանում է: Չքանում է օդի մեջ, թռչում է ու օդ դառնում: Դատարկվում է ամեն ինչ, վառվում, վերջանում, մոխրանում, ինչպես լուցու հատիկները, որոնք վառում եմ մինչև վերջ, հետո շարում եմ, փշրում ու փչում մոխիրը: Ուղղակի սովորություն է : Մանկական:

Հեղինակ՝ Աստղիկ Գաուդյան