Հայաստանում գենդերային բռնությունը կարող է արտահայտվել ամենատարբեր ձևերով

լուսանկարը՝ coafkids.org

Վերջին տարիներին արդարացիորեն շատ է խոսվում ընտանեկան բռնության մասին: Բռնությունների թեման երբևէ այսքան արդի չի եղել, որքան հիմա: Կա ձևավորված կարծիք, որ բռնությունը լինում է միայն ֆիզիկական: Իրականում բռնությունը կարող է արտահայտվել ամենատարբեր ձևերով, դրանք են` հոգեբանական, / վերբալ բռնություն/, տնտեսական, սեռական, մեկուսացումը հասարակությունից, գործողությունների կատարմանը կամ գործողություններ կատարելուց զերծ մնալուն հարկադրելը, ճնշումները, բազմատեսակ սպառնալիքներն ու վախեցնելը, բացասական հուզական ապրումներ պատճառելը և այլն:

Օրինակ` տղամարդու միջամտությունը կնոջ հագուստի
ընտրությանը, կամ կնոջ աշխատելու, սովորելու ցանկություններն արգելելը, կամ նրա փոխարեն
կնոջն առնչվող հարցերում  որոշումներ կայացնելը,
նույնպես համարվում է բռնություն: Այս ամենը հոգեբանական ճնշումներ են և հոգեկան ծանր
ապրումներ, որոնց  կանայք առնչվում են ամեն
օր: Նույնիսկ, եթե կինը չունի իրեն բռնացող որևէ մեկը, դուրս գալով փողոց նա անպայման  կճնշվի ու հոգեկան ապրումներ կունենա շրջապատի կողմից`ռեպլիկների,
թարս հայացքների տեսքով  ու այլևայլ ձևերով,
միայն այն պատճառով, որ նա կին է:
  Հայաստանում
կանայք երբեմն չեն հասկանում իրենց հետ կատարված սթրեսների պատճառներն  ու կապում են դա իրենց անձի հետ, սակայն իրականում,
անուղղակիորեն, կանայք հասարակական կարծիքից դրդված, անգիտակցորեն իրենց դնում են տարբեր
կաղապարների, կարծրատիպերի մեջ: Այն է, եթե դու կին ես, ապա պետք է լինես հեզ, նուրբ,
քնքուշ, խելոք, հնազանդ, լռակյաց, համեստ, երկար մազերով, կանացի, կույս, գեղեցիկ,
նիհար, ներող, հանդուրժեղ, վախկոտ, թույլ և այլն: Նշվեց չգիտակցված, քանի որ այս ամենը
ձևավորվում է դեռ մանկուց` ընտանիքում: Բռնության ենթարկված կնոջ մոտ, անկախ բռնության
տեսակից արտահայտվում են հետևյալ հոգեբանական հատկանիշները` ցածր ինքնագնահատական, դեպրեսիա, վախ արտահայտվելիս,  կպչուն մտքեր, հուսահատություն և անվստահություն,
չհիմնավորված ամոթի զգացում և այլն: Այս ամենը հետևանքներն են այն բանի, որ բռնությանը
անհրաժեշտ ուշադրություն չի հատկացվում և դա վերացնելու միջոցներ չեն ձեռնարկվում:
Սակայն նախ և առաջ անհրաժեշտ է գտնել և վերլուծել բռնության պատճառները, որպեսզի հասարակությունը
լինի առողջ և կենսունակ:
   Մեր
հասարակության յուրաքանչյուր անդամ տարբեր է, յուրատեսակ անհատ է և բոլորին նույն կաղապարի
մեջ դնելը, դիտարկելը, շատ սխալ է և անընդունելի, քանի որ այն կարող է հանգեցնել մարդու
հոգեկան ներդաշնակության խաթարմանն ու անհատի սխալ ձևավորմանը: Սա է պատճառը, որ  հասարակության 
լայն շրջաններում ավելանում են դժգոհությունները, բռնությունների թիվն ու խտրական
վերաբերմունքը միմյանց նկատմամբ: Այսպիսով 
անհատը ձևավորվում է բարդույթներով, որն էլ ծնում է խտրական վերաբերմունք: Այսպիսի
անհատներից այլևս դժվար է ակնկալել հանդուրժողական վերաբերմունք: Հիմա շատ ջանքեր պետք
չեն նկատելու համար հայ իրականության մեջ կանանց և տղամարդկանց անհավասարությունը`
բազմազան ոլորտներում: Պարզապես շատ կարևոր է ու անհրաժեշտ գիտակցել, հասկանալ, որ
մարդկանց միջև խտրականություն դնելը ելնելով սեռից` սխալ է և ոչ մարդկային:
Միջնադարյան բարքերը մնացել են անցյալում, և
այժմյան իրականության մեջ պետք է գնահատվեն ոչ թե մարդու հատկանիշները կախված սեռից,
այլ այն հատկանիշները, որոնք կապված են անհատի ունակությունների, մասնագիտական որակների
և բնավորության գծերի հետ: Հաճախ մեծ ջանքեր ու միջոցներ են անհրաժեշտ այդ կարծրատիպերը
փոխելու համար, սակայն իրականում այս իրադրության փոփոխությունն անհրաժեշտ է, թերևս ոչ միայն կանանց, այլ նաև ու հատկապես տղամարդկանց համար:
 Տարածված
կարծրատիպ է  դարձել գենդերային բռնություն  ասվածը, որը մեծամասամբ հասկացվում է, թե բռնության
են ենթարկվում միայն կանայք:
Իրականում տղամարդիկ ոչ պակաս բռնության են
ենթարկվում, քան կանայք: Տղամարդիկ բռնության են ենթարկվում այլ տղամարդկանց կողմից`
իշխող հասարակական նորմերից ելնելով: Ըստ իշխող այդ նորմերի` պատկանել արական սեռին
նշանակում է ունենալ այնպիսի որակներ, որոնք երբեմն կարող են չհամապատասխանել տվյալ
անձի ինդիվիդուալ որակներին: Օրինակ` լինել իսկական տղամարդ նշանակում է լինել մարմնեղ,
ուժեղ, վախ ներշնչող, վերահսկող, դաժան, հարգված, կոպիտ, մազոտ և այլն: Իսկ, եթե ես
տղամարդ եմ ու չունեմ վերը թվարկված որակներից որևէ մեկը, ուրեմն տղամարդ չե՞մ:
Այսպիսով տղամարդիկ հասարակական կարծիքից դրդված,
ստիպված են լինում ճնշել  իրենց որոշ «չհամապատասխանող»
հատկանիշները, կամ էլ զարգացնել այլ կարծրատիպային հատանիշներ: ԱՄՆ-ի “Կոլումբիա” համալսարանի
հոգեբանության ամբիոնի հետազոտությունները 
մոտ 18,000 անձանց շրջանում ցույց են տվել, որ բռնության ենթարկված տղամարդիկ
հետագայում իրենք են դառնում բռնարարներ:
Սակայն, ցայսօր էլ բռնությունը շեղում չի համարվում,
քանի որ այն ընդունվում է առնականության կամ իսկական տղամարդ լինելու մի մաս: Հասարակության
մեջ ապրում են հոգեբանական բռնություն վերապրած բազմաթիվ տղամարդիկ, որոնց մի մասը
տարբեր տեսակի բռնության է ենթարկվել պատանի հասակում, մյուս մասը սեռական կամ ֆիզիկական
բռնության է ենթարկվել տակավին մանկահասակ տարիքում: Բռնարար չեն ծնվում, բռնարար դառնում
են` իրենց նկատմամբ կիրառած բռնության արդյունքում:
  Բազմատեսակ
ճնշումները, ինքնազոհողությունները տղամարդկանց առօրյա կյանքի մի մասն են կազմում:
Ցանկացած տղամարդ իրեն զրկում է իսկական զգացմունքներն արտահայտելուց և ջանասիրաբար
փորձում է համապատասխանել շրջապատում ընդունված տղամարդու կարծրատիպային կերպարին:
Իսկ այն տղամարդն ,ով արտահայտում է իր զգացմունքները և չի համապատասխանեցնում իր վարքագիծը
ընդունված կարծրատիպային տղամարդու կերպարին, ապա հոգեբանական և հնարավոր է նաև ֆիզիկական
ճնշումների է ենթարկվում, համարվելով կանացի կամ կոչվելով “ղզիկ” և արժանանում է նմանատիպ
արտահայտությունների, որոնք էլ իրենց բնույթով բռնանում են տղամարդուն: Նրանք հաճախ
ստիպված են դա անում, որպես ինքնապաշտպանական մեխանիզ և հիմնականում, այլ տղամարդկանց
մեջ գոյատևելու ու հաստատվելու համար: Քանի որ հասարակությունը հայրիշխանական է և կանանց  նկատմամբ բռնություն գործադրողների և գենդերային
կարծրատիպերի տարածողների ճնշող մեծամասնությունը տղամարդիկ են, ապա հենց իրենք պետք
է առաջին քայլն անեն դեպի առողջ հասարակություն:
Այսպիսով, մեր բոլորի շահերից է բխում վերացնելու
ներկայիս ստեղծված կարծրատիպերն ու ճնշող սովորույթները, որոնք ոչ միայն չեն օգնում,
այլև վնասում են անհատին, նրա ազատ ու ճիշտ ձևավորմանը և ստիպում են մարդուն գնալ ինքնազրկումների:
Իրավիճակը փոխելու առաջին ու հիմնական քայլը այդ մասին խոսել ու բարձրաձայնելն է, փորձել
հասկանալ պատճառները:
Ապրելը մի հասարակության մեջ, որտեղ բոլոր անհատներին
կվերաբերվեն բացառապես ըստ իրենց անձնական որակների, համարում եմ մարդու իրավունքները
հարգող, ազատ, բարենպաստ միջավայրի և ժամանակակից հասարակության առանցքը: