Կարճ

Լուսանկարը`wolffchronicles.com

Էն ժամանակ կյանքը դժվար էր, հիմա էլ նույնն ա, բայց էն ժամանակ ուրիշ տիպի էր: Երևանում մարդիկ հազիվ ուշքի էին գալիս, կամաց – կամաց, անկախությանը գերի դարձած ավելի էին խրվում ամենօրյա հոգսերի մեջ, մի տեսակ ապրում էին աշխատելու ու ուտելու համար ու…բայց հարցը էտ չի: 

Տեղաշարժվելու համար չէինք կարող մեզ թույլ տալ տաքսի կոչվածը, չնայած էտ ժամանակ քաղաքում էրևի հաշված տաքսիներ կային, ու չեմ էլ պատկերացնում, թե դրանցից ովքեր էին օգտվում: 

Արդեն անգիր գիտեինք, թե որ համարի ավտոբուսը կամ տրոյլեբուսը որ կանգառից ինչ ժամերի կարելի ա նստել: Ամբոխը կուտակվում էր, հետո իրար հրմշտելով, անհասկանալի ձևով տեղավորվում էինք ավտոբուսում: Մաման միշտ ոտքի վրա էր մնում, կապ չունի ինչքան հոգնած էր, ինձ ու քրոջս տեղավորում էր հնարավորության դեպքում: 

Բայց եթե բախտս բերեր՝ մենք Գում կհասնեինք էն երկար ավտոբուսներով, որոնց մեջտեղում ռեզիններ կային: Դրանցով ճանապարհը ավելի հաճելի էր: Ինձ հա թվում էր, որ հեսա դրանցից ակորդեոնի ձայն կգա, մի տեսակ խաղի նման էր, մեջտեղում կլոր կար, երևի շրջադարձերը ավելի հարմար անելու համար էին նախատեսված, մինչև հիմա էլ չգիտեմ: Բայց ամենակարևորը, որ դրանց մեջ ազատ տարածք համարյա միշտ կար, ու ես հաջողացնում էի կանգնած մնալ ու աչքս կլորից չէի կտրում:

 Մաման միշտ մի կանգառ առաջ մեզ «առաջացնում» էր, որ արդեն մեր կանգառում իջնելն ավելի հեշտ լինի: Մի օր հայացքս կլորից պոկվեց, ու աչքովս ընկան զույգ ոտքեր, զուգագուլպայի մեջ, բարձրակրունկների վրա, սրունքների մկանները գունդ-գունդ ձգված, ու էնքան անվերջանալի երկար, որ ուղղակի կարող էի հայացքս շատ չբարձրացնել, բայց դրանք կմնային իմ տեսադաշտում: 

Ջահել աղջիկ էր, էն ժամանակի համար մի քիչ ավել ազատ հագած-կապած, թիկունքից ու կարճ շրջազգեստից զգացվում էր, որ նաև ավել քսված-մսված, էնքան, որ կարելի էր իրեն պետք էղածից մի քիչ էլ ավել տարիք տալ: Ուշքի էկա էն բանից, որ մաման ինձ ու քրոջս քաշում տանում էր, առաջացնում էր, որ հաջորդ կանգառին իջնենք:

 Ոտքերը մեզանից առաջ ընկան. իրանք էլ էին իջնելու: Գումարը տվել էինք վարորդին, ու արդեն մի տաս վայրկյան առաջ էլ իջած կլինեինք, եթե մեզանից մեկը շշմած չլիներ: Արդեն դրսում, մաման մեզ կանգառից քաշեց մի կողմ, ու հիմա ես էլ եմ զարմանում, թե մաման ինչի ու ոնց կարողացավ նման հարց տալ, բայց կիսաջղայնացած հարցրեց.

 — Դե հիմա խոստովանեք: Ձեզանից որ մեկն էր էն ծյոծյայի ոտքերին նայում: Աչքիս առաջ էկավ էն տեսարանը, թե ոնց էի ես պապայի խուժան ժուռնալները ձեռք գցել ու թաքուն նայում, դրանից երևի տարիուկես առաջ: Մաման հարցը կրկնեց: Ինձ թվում ա, ամեն ինչ հենց էտ պահից էլ սկսեց: