Մարդկանց դժբախտ են դարձնում նրանց ավելի հեշտ կառավարելու համար

Երջանիկ եւ սիրող մարդկանց ավելի դժվար է կառավարել, քան դժբախտ
մարդկանց: Հենց այդ պատճառով են պետությունների կառավարությունները՝ այդ
թվում եւ ԱՄՆ կառավարությունը, անում ամեն հնարավորը՝ մարդկանց ավելի
դժբախտ ու միայնակ դարձնելու համար: Այս կարծիքն է հայտնել լրագրողների հետ
հանդիպման ժամանակ ամերիկացի բժիշկ ու հիվանդանոցային ծաղրածու Պետչ
Ադամսը:

Նրա խոսքով՝ երջանիկ է մոլորակի բնակչության ընդամենը 5 տոկոսը: Մնացածը
դժբախտ են ու դժգոհ, նույնիսկ եթե ունեն այն ամենը, ինչի կարիքն ունեն:

«Մենք այլեւս գեստապոյի կարիք չունենք, քանի որ մարդկանց առանց այդ էլ
ստիպում են ապրել վախի, միայնության եւ թախծի մթնոլորտում», — նշեց բժիշկը՝
հավելելով, որ այդ գործում շատ մեծ է նաեւ լրատվամիջոցների դերը, որոնք
կառավարվում են աշխարհի հզորների կողմից եւ անընդհատ բացասական լուրեր
տարածում՝ նպաստելով վախի ու դեպրեսիայի տարածմանը:

Հենց այդ պատճառով էլ Պատչ Ադամսը նախընտրում է գրքերը, այլ ոչ
հեռուստացույցը: Նրա անձնական գրադարանում մոտ 40 հազար գիրք կա, իսկ ահա
հեռուստացույց նա արդեն մի քանի տարի է՝ չի դիտում, քանի որ համոզված է՝
հեռուստատեսությունը մարդկանց ավելի սահմանափակ է դարձնում:

Իսկ դեպրեսիան, նրա խոսքով, եւս մարդիկ են հորինել: Դեպրեսիան
հիվանդություն չէ, սակայն դեպրեսիայում գտնվող մարդուն ավելի հեշտ է
կառավարել: Այդ պատճառով շատերին ձեռնտու է, որ այս երեւույթը կա եւ այն
շատ տարածված է:

Բացասական բոլոր այս երեւույթների դեմ պետք է սիրո եւ բարեկամության
միջոցով պայքարել: Բժշկի խոսքով՝ ոչ մեկ չի ցանկանում երեխաներին
սովորեցնել սիրել, սակայն դա անհրաժեշտություն է:

Հոդվածը՝ news.am կայքից