STANDART. Սոնա Աբգարյան

Դեֆորմացված  դեմքդ  ամեն օր, ամեն ժամ արտաշնչում է վզիս ու դեմքիս, հայրենիք: Մարմինս ցավում է բազմաթիվ վերացական հիվանդություններց: Բժիշկները չգիտեն, նրանք վաղուց գնացել են: Հակաթույն չկա, ես մեռնում եմ կարիճի թույնից, ու ինձ ստիպում են դաշնամուր  նվագել, ամուսնանալ, երեխաներ ունենալ:
Ծեր մարդիկ երկար նայում են մի կետի: Նրանց հայացքը չուգունե վարագույրի նման քերում է դեմքիս մկանները: Ես գալարվում եմ ցավից: Հեռուստացույցով Հայաստանի հիմնն է: Ծեր մարդիկ սպասում են իրենց թոշակին, որոշները չեն ձգում, սովից մեռնում են:
-Դե, ինչ արած, -ասում է նա, ասում ենք մենք,- կյանքը այդպիսի բան է:
Արթնանում եմ գիշերվա կեսին`կրակոցներից: Շները երգելով հաչում են: Նրանք մեռնում են: Հետևող լռության մեջ հիշում եմ կոնսերվատիվ, բթամիտ ազգայնականին, որի համար կենդանի լինելը մեծ պատիվ կլիներ: Նա հրճվում է մարդկային ողբերգություններից և սնվում է արտաթորանքով: Նա խոսում է անցյալից, որովհետև դա նրա ներկան է: Նա թաքցնում է իրական պատճառները  հայրենասիրական տեքստերի մեջ: Այս քաղաքում շատերն են մեռել:Նրանք մեր շուրջն են:Մոնոտոն, անշունչ տեքստերի ձայնագրությունը միացած է 24 ժամ:
Դեղեր եմ խմում:
Հեռուստացույցը:
Նախագահը:
Մեքենաները:
Տերտերները:
Ազգայնականները:
Պատերի նախազգուշացնող պաստառները:
Նրանք բոլորը նստել են մեկ սեղանի շուրջ: Ոմանք սեղանի տակ ոսկորներ են կրծում: Սեղանի վրա դեռ կիսակենդան մարդիկ են: Հավաքվածները դանդաղ քաշում են նրանց աղիքները: Սպագետիի նման:Կետչուպը բավականին շատ է:
Ես արդեն չգիտեմ ինչ անել: Չգիտեմ ինչպես, բայց դու սպառել ես իմ լռությունը, դու անձայն ես դարձրել իմ խոսքերը, հայրենիք: Իմ խղճահարությունը: Դու ինձ ես սպառել: Ի՞նչ անեմ ես: Ի՞նչ անեմ ես: Ի՞նչ անեմ ես:
Վազում եմ լուսամուտի մոտ ու ներքև եմ նետվում: Ասֆալտի համը ու տաք գոլորշին մի քանի վայրկյան ապրում են: Քաղաքի դեպրեսիվ համը իմ միակ ուղեկիցն է: Լեզուս պոկվել է: Ագռավը կերավ այն ու ինձ է նայում: Շտապ օգնության մեքենան մոտենում է: Հեռացեք. Հեռացեք-ագռավին ճամփա տվեք-երգում եմ մտքումս:
Բոլոր հարազատներս, ընկերներս լացում են: Ուրիշ ի՞նչ կարող են անել նրանք։ Ես չեմ մեռնում, նույնիսկ երբ կամրջից եմ նետվում, նույնիսկ երբ երակներս եմ բացում: Այդ ամենը կապ չունի ինքասպանության տենդենցի հետ: Ուղղակի ուրիշ տեղ չունեմ գնալու, հասկանո՞ւմ եք։ Բոլոր տեղերը ծանոթ են ինձ, սանտիմետր առ սանտիմետր: Ես նոր տեղեր եմ հայտնաբերում ինքս ինձ համար, նոր ուղիներ եմ փնտրում: Ռադիոյով ասում են, որ դա բունտ է: Այո: Ես բունտ եմ անում, ես հրաժարվում եմ բոլոր ծանոթ վայրերից և այդ վայրեր հասնելու ձևերից: Տրանսպորտից եմ հրաժարվում: Երթուղայինի մեջ խխունջներ են հավաքված` լպրծուն, հոտավետ: Վարորդը ամենամեծ խխունջն է: Խելագարությունից դուրս պրծած աչքերով, քրտնած՝ նա սլանում է փողոցներով`տառապելով պատին հագնելու երանունթյան մոլուցքով: Մնացածի համար միևնույնն է: Միայն նրանք, ովքեր ունեն փոքրիկ խխունջներ, մի փոքր անհանգստացած են, բայց դա էլ համոզիչ չէ:
Ես քայլելուց եմ հրաժարվում: Փողոցը հոգեբուժարան է: Կարծես բոլոր խանգարվածները դուրս են եկել զբոսանքի: Չէ, դա քաղաքական զբոսանք չէ, որին անմիջապես արձագանքում են ոստիկանները: Ոստիկանները հրում են մարդկանց, ծեծում են, կատաղում են: Նրանք շատ լուրջ խնդիրներ ունեն:Նրանցից որոշները կանգնում են քիչ հեռու, չեն ուզում մեղք գործել:Ամենալուրջ հիվանդությամբ տառապողները նորմալ մարդիկ են այս քաղաքում: Նրանք գնում են տուն և անվերջ լվացվում են: Նրանք սովորում են ժպտալ` հայելու առջև կանգնած: Նրանք աղոթում են եկեղեցիներում, որտեղ դատարկություն է` ոչ փիլիսոփայական իմաստով: Այդ ամենը ֆարս է, ներկայացում,  ուղղակի շենք է, որտեղ մոմեր են վառում և ուզում: Ուզում են երջանկություն: Փող: Առողջություն: Սև շորերով մարդիկ փող են աշխատում՝ իրենք իրենց անվանելով ծառաներ կամ ստրուկներ:
Փողոցում հանդիպում են նաև երջանիկ մարդիկ, որոնք «Թոփ 10»-ի համար հաղորդագրություններ են ուղարկում և քվեարկում են լավագույն հայ երգչի օգտին: Նրանք չարացած ռոմանտիկներ են: Նրանք ասում են մի բան, մտածում են այլ բան, ուզում են մեկ այլ բան և անում են լրիվ ուրիշ մի բան: Անխիղճ լիբիդոն բռնել է նրանց կոկորդից և խեղդում է,  սպառնում է ոչնչացնել ավանդույթները: Այդ պացիենտները ամենատարածվածն են մեր օրերում: Նրանք շատ են սիրում խոսել հայրենիքից, պատերազմից, շրթներկից, շորերի գներից, բոմժերից, գոմիկներից, ամուսնության գաղտնիքներից, խոհարարական հմտություններից, անբարոյականներից, սրբություններից, աղջիկների կուսաթաղանթից, ծովից-ծով Հայաստանից… Նրանց դիագնոզը դեռ պարզ չի, պայմանական նրանց ասում են երջանիկներ: Դա միակ հիվանդությունն է, որ պաշտոնապես համարվում է ընդունելի:
Խելագարվելու շատ տարբերակներ կան, իհարկե: Ինձ բուժման տարբերակներ են առաջարկում հեռուստացույցով: Քվեարկել լավագույն տասնյակի համար, գնալ եկեղեցի և Սևանում ծախսել իմ հավաքած չնչին գումարները: Ամուսնանալ, երեխաներ ունենալ:
Ես մտածում եմ: Հետո հետ եմ տալիս և նորից սկսում եմ մտածել: Ես մտածում եմ ու նորից հետ եմ տալիս: Զանգ ընկերոջը:
Ուզում եմ կիսվել նրա հետ: Պատմում եմ իմ նոր գործերից, ծիծաղում ենք, փորձում ենք մեկս մյուսի վրա չբարդել մեր խնդիրները, պլանավորում ենք հանդիպել և ուրախանալ: Այդ ամենը երազ է կարծես, դեժավյու: Ընկերությունը վտանգավոր բան է, համաձայնության գալը` առավել ևս: Մենք հաջողություն ենք մաղթում իրար, անջատում ենք հեռախոսները և հետո լացում ենք, ամեն մեկս մեր համար:
Հեռուստացույցը անձայն գովազդում է նոր բացված կազինո, հետո սաունա, հետո ստրիպտիզ ակումբ և հետո սկսվում է մի հաղորդում, որտեղ տերտերը խոսում է ընտանեկան արժեքներից և հավատքից: Վազող տողով մեքենաների, առանձնատների և հողատարածքների առք ու վաճառքի հայտարարություններ են: Ես տեսնում եմ վիզուալ ներդաշնակություն` հոգեկան հիվանդների համար: Մարտնչող տգիտություն:
Արթնանում եմ գոռոցներից: Հարևաններս նորից ծեծում են իրենց երեխաներին: Նրանք չեն կարողանում սիրել, նրանց ոչ ոք չի սիրում: Երաժշտություն եմ միացնում: Շատ բարձր` այնքան, որ ականջներս ցավում են: Մի քանի րոպեից ձայները կտրվում են: Երաժշտությունը բուժում է մարդկանց:

Լռություն եմ ուզում, կատարյալ լռություն: