«Կնիկ» ասելով՝ ընդգծում են իրենց թուլությունը. Զ. Փոստանջյանը՝ կանանց հասցեին անհարկի արտահայտությունների մասին

Ո՛չ տղամարդուն է հարիր բացասական իմաստով ընդգծել մարդու սեռական պատկանելությունը, ո՛չ  քաղաքական գործչին, ո՛չ պետական պաշտոնյային: Կնոջ սեռական պատկանելությունն ընդգծելով՝ ասողներն ընդգծում են իրենց թուլությունը:

Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով տարբեր պաշտոնյաների կողմից վերջին շրջանում կանանց մասին հնչեցրած արտահայտություններին:

«Սրանով փորձում են խտրական դրսևորում ցուցաբերել, իսկ խտրական մոտեցման դրսևորումն արգելված է թե՛ ՀՀ սահմանադրությամբ, թե՛ օրենքներով։ Հետևաբար, նրանք խախտել են օրենքը»,- ասաց Զարուհի Փոստանջյանը, ի պատասխան հարցի, թե որպես կին պատգամավոր զգացել է իր տղամարդ  գործընկերների կողմից քամահրական կամ վերևից նայելու վերաբերմունք:

«Հարցը վերևից նայելը չէ ուղղակի, նման խտրական վերաբերմունքով իրենց թուլությունն են շեշտում: Սա է կարևորը: Երբ պատգամավորին ասում են՝ «կնիկ» է, ես իր հետ ի՞նչ գործ ունեմ, դա թուլության նշան է: Նույնիսկ «կին» բառի օգտագործման ձևն էլ է շեշտադրում իրենց թուլությունը»,- ավելացրեց Զարուհի Փոստանջյանը:

Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության այլևս նախկին անդամ Աբրահամ Մանուկյանը խոսելով նույն խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի մասին, ասել էր՝ «դե նա կնիկ է, ես իրենից ի՞նչ նեղանում», իսկ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն էլ աղջկան համեմատել էր կարտոֆիլի հետ, ինչի համար անուղղակի ներողություն էր խնդրել: «Ափսոսանք եմ հայտնում, որ ակամայից խոսքս որպես վիրավորանք է ընկալվել: Այնուհանդերձ, եթե որևէ մեկին վիրավորել եմ, ապա հայցում եմ նրանց ներողամտությունը»,- ասել էր Սերգո Կարապետյանը:

Ի պատասխան հարցի, թե հնարավոր է, որ այս հարցով դիմի ԱԺ էթիկայի հանձնաժողով, Զարուհի Փոստանջյանը պատասխանեց, որ կարելի  է մտածել այդ մասին, բայց չի կարծում, որ այդ հանձնաժողովի միջոցով այդ մարդիկ կփոխեն իրենց վերաբերմունքը:

«Սա ավելի խորն է նստած մեր հանրության որոշ  անդամների մոտ և սա, իհարկե, ենթադրում է շարունակական աշխատանք՝ դաստիարակչական, կրթական  այս վերաբերմունքը փոխելու համար»,- ավելացրեց նա:
Աղբյուր՝ ԹԵՐԹ.am