Զարուհի…

Մի օր ամուսինս հարբած եկավ տուն: Ուշ էր, ժամը երկուսն էր: Ես առաջին անգամ էի նրան այդ վիճակում տեսնում: Նա հազիվ էր ոտքերի վրա կանգնում: Երբ նա ներս մտավ, սկեսուրս հանգիստ նայեց նրան և գնաց քնելու: Ես չգիտեի ինչ՞անել: Նա հազիվ քայլելով գնաց խոհանոց ու կանչեց ինձ, կարմրած աչքերով ինձ էր նայում: Երբ ես վախից մոտեցա նրան ամուսինս արագ հասավ ու բռնեց ուսերիցս ` « Դու իմ կնիկն ես հասկացա՞ր: ինչ ասեմ պիտի անես» բղավեց նա: Ես գլխով արեցի սարսափից: Նա շարունակեց. « խելոք կլինես, թե չէ կսպանեմ որ իմանամ ինձ դավաճանում ես, չեմ նայի որբ ես ինչ ես լսար՞»: Ես ստիպված նորիցգլխով արեցի, չհասկանալով թե ինչն է նրա ասածի պատճառը: Նա ուժեղ հրեց ինձ, ես ընկա:Ես փորձում էի մտքումս ինձ համոզել, որ նա մի քիչ խմած է ու կանցնի: Բայց ես հազիվ էի շունչս տեղը բերել , երբ նա նորից հարձակվեց: Նա առույգացել էր ու ոգևորվել: Ես նայում էի նրան ու սարսափում : Գլխումս մի միտք էր պտտվում. «Մենակ թե նա հեռանա այս սենյակից»: Բայց նա չէր պատրաստվում: Ես հասկանում էի, որ  նա խմած է և չի հասկանում ինչ է անում, միգուցե հաջորդ օրը չհիշեր էլ այդ ամենը, բայց ես ինչ անեի այդ պահին: Ես փորձեցի փախնել ու մի կերպ դուրս պրծնել նրա ճանկերից: Ես գոռում էի ու լաց լինում: Բարձր աղմուկից  սկեսուրս ներս մտավ ու տեսավ ինչ է կատարվում, ոչինչ չասաց, նա կանգնել նայում էր: Ես ապշած էի: Նայում էի նրա աչքերի մեջ ու տեսնում էի թե ինչքան անտարբեր ու սառն էին: Նա նայում էր, թե ինչպես է իր հարբած տղան բռնաբարում կնոջը իր աչքի առաջ: Ամուսինս խփում էր ինձ ու հայհոյում: Ես զգում էի ամեն հարվածը ավելի ցավագին, քան հասցված հարվածն էր: Ինձ ցավեցնում էր այդ տեսարանն ու իմ ստորացված վիճակը: Եթե այդ պահին հնարավոր լիներ մեռնել, ես կմեռնեի, միայն թե չլինեի այնտեղ: Ինձ խեղդում էին արցունքներն ու անտանելի ցավը: Ես հղի էի, անհնար էր դիմադրել: Ես մենակ չէի այդ հրեշների տանը, ու ես , ու ՄԵՆՔ պետք է պայքարեինք կյանքի համար:
Ամբողջ գիշեր ողերս, ձեռքերս ու ոտքերս ցավում էին:Չկարողացա քնել: Ես մտածում էի, որոնում էի մի ելք , մի հույս, որ այդ ճահճից դուրս գամ, ելք չկար: Գնամ քրոջս տուն՞ Ինչպե՞ս Ամբողջ օրը սկեսուրս տանն է նա ինձ չի թողնի: Նույնիսկ եթե ես նրան մի կերպ համոզեմ ու գնամ քրոջս տուն, ամուսինս ինձ կգտնի, կգտնի ու այնքան կծեծի, որ երևի կսպանի: Ուրիշ գնալու տեղ չունեմ: Ուսում չունեմ որ գնամ ուրիշ քաղաք ու աշխատանք փնտրեմ: Միայնակ հղի կին, օտար քաղաքում, ո՞վ կվերցնի ինձ աշխատանքի: Երկար մտատանջվելով չնկատեցի, թե ինչպես լուսացավ: Սարսռում էի այն մտքից, որ դժողքը նորից է սկսվելու:
Առավոտյան ամուսինս վեր կացավ ու հանգիստ քայլելով դուրս եկավ տնից: Սկեսուրս մտավ ներս և կարծես թե ոչինչ չի պատահել ասաց. « Ւ՞նչ ես նստել , վեր կաց լվացվի, անցի տան գործերիդ»: Ես լուռ վեր կացա, սրբեցի արցունքներս , լվացվեցի ու անցա իմ ամենօրյա գործերին: Մտածում էի անպայման ասեմ նրան որ հղի եմ : Ես դուրս եկա բակ: Նա լվացքն էր փռում: Մոտեցա նրան ու ասեցի, որ  հղի եմ: Նա միանգամից շուռ եկավ, թարս նայեց վրաս ու գնաց տուն: Ես նրա ետևից ներս մտա ու նա անսպասելիորեն հարձակվեց: Նա խփում էր ոտքերով, ձեռքերով, քաշում էր մազերս ու հետն էլ գոռում էր . « Հղի՞ ես հա այ … հղի՞ ես: Էտ ո՞վա քեզ իրավունք տվել որ երեխա բերես, դու մի բերան, հազիվ էինք կերցնում մի հատ էլ լակոտիտ պտի կերցնե՞նք: Հա՞: Այ շան աղջիկ…» Ես չէի հասկանում ինչ՞ եմ նրան արել: Միթե իմ երեխան նրա թոռնիկը չէր: Երեխան ամուսնուցս էր: Երբ նա հոգնեց ինձ ծեծելուց , գնաց:
Կես տարում ես արդեն սառել էի, դարձել էի կես մարդ: Իմ համար արդեն մեկ էր դրսի եղանակը, կամ թե ինչ ենք ուտելու այդ օրը, կամ ուր է ամուսինս: Ինձ հետաքրքրում էր միայն իմ երեխան, այն անմեղ արարածը, որ մեծանում էր իմ մեջ: Ինձ տանջում էր այն միտքը, որ փոքրիկս պիտի ծնվեր ու ապրեր այս դժբախտ ընտանիքում: Ես երանի էի տալիս մանկատանը անցկացրած երջանիկ օրերիս: Ինձ արդեն չէին հուզում ամուսնուս հերթական խմած ուշ տուն գալը, մեկ-մեկ թմրանյութերի օգտագործումը, ինձ հայհոյելն ու ծեծը:Ես այլևս չէի մտածում փախչելու մասին: Ես կտրել էի իմ բոլոր փրկության հույսերը: Ես ինձ անտեր շուն էի զգում: Այդպես ինձ համար ավելի տանելի էր ամենօրյա նվաստացումն ու խոշտանգումը:Ինքնասիրությունս այդպես ավելի ուշ-ուշ էր իրեն զգացնել տալիս: Երբ ամուսնուս ասացի հղիությանս մասին, նա ինձ էլ ավելի ուժեղ ծեծեց, քան սկեսուրս:
Որոշ ժամանակ անց ծնվեց աղջիկս, ես երջանկացա ընդհամենը մի քանի րոպեով,երբ նրան գրկեցի: Դրանից հետո սկսվեցին նույն տաժանակիր օրերը: Երբ ամուսինս երեխային առաջին անգամ տեսավ նույնիսկ չուզեցավ նայել նրան, չուզեցավ գիրկն առնել: Երեխան նրան բոլորովին չէր հետաքրքրում:
Մի օր ես մակարոն էի պատրաստել ու տապակել էի, որտև ես սիրում եմ երբ տապակած է լինում մակարոնը, վրայից էլ լոլիկ կամ մի քիչ պանիր: Բայց դրանցից ոչ մեկը չկար, միայն մակարոն  կար ու ձեթ: Ես լցնում էի ափսեների մեջ, երբ սկեսուրս ներս մտավ խոհանոց ու տեսավ ինչ եմ պատրաստել ճաշի համար: Մոտեցավ հոտ քաշեց ու նայեց վրաս : Ես մի քիչ անհանգստացա, որովհետև ամեն անգամ երբ նա այդ հայացքով նայում էր դրան հետևում էր դաժան ծեծն ու խոսքերը: Ես չէի սխալվել, նրան դուր չէր եկել իմ պատրաստած ուտելիքը: Նա բռնեց ձեռքերս ու սկսեց մատներս ջարդել, հետո չուգունե տապակով սկսեց խփել ինձ:Սկզբում նա թույլ էր հարվածում, բայց ամեն հարվածից հետո մյուսն ավելի ուժգին էր դառնում:Նա ուժգին հարվածներ հասցրեց մեջքիս, գլխիս, ուր կպատահեր: Ես սկզբում լռում էի, մի կերպ զսպելով ինձ, որովհետև գիտեի եթե բղավեմ դա նրան ավելի կկատաղեցնի:Բայց հետո ցավերն ուժգնանում էին ու դառնում անտանելի: Ես սկսեցի գոռալ: 
Ճչում էի, որ դադարեցնի: Բայց նա չէր լսում ինձ: Իմ ձայներից ներս մտավ ամուսինս ու նայեց վրաս, ես արդեն ընկել էի գետնին: Ուժերս մարում էին: Ես հազիվ էի արդեն ձայն հանում: Նա մոտեցավ նայեց վրաս ու սկսեց հարվածել ինձ ոտքերով: Նա աքացի էր տալիս իմ ողերին, մեջքին, ոտքերին ու իմ գլխին: Հարվածները չէին դադարում: Մեկը մյուսի հետևից մայր ու որդի ինձ խփում էին ու ինչ որ բառեր ասում: Ես արդեն ի վիճակի չէի գոռալու: Շունչս սկսեց կտրվել: Աչքերս շաղվում էին: Ինձ թվում էր թե ինձ կապել են որովհետև ոչ մի տեղս չէի զգում ու չէի կարողանում շարժել: Բայց ինձ չէին կապել, ես ազատ էի : Ես զգացի որ լսողությունս թուլանում է, աչքերիս դիմաց սևանում դա կարճ տևեց, բայց իմ համար հավերժություն էր… մի ամբողջ հավերժություն, անվերջանալի ու ծանր: Հեռվից լսվում էր իմ փոքրիկի լացը, նա ինձ էր կանչում:
Ես լքեցի այս աշխարհը, այս «բարի սիրուն ու լուսավոր աշխարհը»: Ես մահացա:
Բայց ԵՍ ՈՒԶՈՒՄ ԵՄ ԱՊՐԵԼ: Ապրել իմ զավակի համար, լավ մայր լինել նրան, որ նա էլ ինձ պես չփնտրի մի կնոջ, որին մայր կկանչի: Ես հիմա ալեկոծված նայում եմ նրան, նայում եմ ողջ աշխարհին ու շարունակում եմ ապրել շատերի հիշողության մեջ, սակայն ոչ իմ զավակի:
Ես չեմ մեղադրում ոչ ոքի, որովհետև ես իրավունք չունեմ դատելու…ես իրավունք ունեի միայն ապրելու, ու ես ապրեցի… ես շնորհակալ եմ, որ այսօր իմ համար այնքան բաներ եք անում: Այսքան միջոցառումներ, ցույցեր ու երթեր եք կազմակերպում: Ես տեսնում եմ դա վերևից:Ես նայում եմ ու տեսնում եմ նաև իմ նման շաատ կանանց, իմ նման դժբախտներին: Բայց ես կրկին ոչինչ չեմ կարող անել: Խնդրում եմ մարդիկ… մի թողեք նրանց մենակ իրենց դժբախտության մեջ…մի լռեք…թույլ մի տվեք, որ անտարբերությունը բուն դնի ձեր սրտերում…օգնեք նրանց…օգնեք միմյանց…օգնեք բռնության ենթարկվող կանանց…մի մոռացեք ինձ հետ կատարվածը…դադարեցրեք բռնությունը, կանգնեցրեք այդ մահացու անիվը…



Այս գրվածքը մտավոր սեփականությունն է: Այն հիմնված է իրական մարդկանց, նրանց  կյանքի դեպքերի վրա

(Զարուհի Պետրոսյան , Յանիս Սարկիսով ) : Իրադարձությունները և փաստերը, փոփոխված և հարմարեցված են ըստ գրվածքի պահանջների և նպատակի: Հեղինակային իրավունքները պաշտպանվում են քաղաքացիական օրենքով: 

Ընթերցեք ԶԱՐՈՒՀԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ-ի գործի մասին, ամենամեծ աղմուկ հանած ընտանեկան բռնության մասին գործը հայաստանում