Զարուհի Պետրոսյան. ՀՀ-ում ընտանեկան բռնության ամենաաղմկահարույց դեպքը

2010թ. հոկտեմբերի 1-ին ընտանեկան բռնության արդյունքում ստացված գանգուղեղի վնասվածքի հետևանքով հիվանդանոցում մահացել է Մասիսի բնակիչ, 19-ամյա Զարուհի Պետրոսյանը: Նույն օրը ձերբակալվել է նրա ամուսինը՝ Յանիս Սարկիսովը, ում մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, այն է՝ առողջությանը դիտավորյալ վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ:
Իր մահվան օրվանից մի քանի օր առաջ՝ սեպտեմբերի 22-ին, հերթական վեճից հետո, Զարուհին որոշել էր երեխայի հետ առանձին ապրել: Նույն օրը Զարուհին տեղափոխվել էր իր ընկերուհու մոր բնակարան: 2010թ. սեպտեմբերի 24-ին Սարկիսովն այցելել է այդ բնակարանում միայնակ գտնվող Զարուհուն, ծեծի է ենթարկել՝ մի քանի անգամ գլուխը ուժեղ հարվածելով պատին:
Սեպտեմբերի 26-ին՝ երեկոյան, Սարկիսովը կրկին այցելել է այդ բնակարան՝ իր երեխային մատաղ ուտելու տանելու պատրվակով: Երբ Զ.Պետրոսյանը գնացել է ննջասենյակ, իրեն հետևել է Սարկիսովը և փորձել Զարուհու ձեռքից խլել բջջային հեռախոսը: Այդ ընթացքում Սարկիսովը հնարքի միջոցով վայր է գցել կնոջը, որի գլուխն ուժգին դիպչել է հատակին, ինչից հետո ոտքերով և ձեռքերով հարվածներ է հասցրել Զ.Պետրոսյանի գլխին, որովայնին և մարմնի մյուս հատվածներին: Զարուհու ձայնը լսելով՝ ընկերուհու մայրը մտել է ննջասենյակ և փորձել կանխել Սարկիսովի գործողությունները: 
Վերջինս, հեռախոսը Զարուհու ձեռքից խլելով, հեռացել է բնակարանից: Դեպքից երկու ժամ անց Յանիս Սարկիսովը վերադարձել է, զրուցել Զարուհու հետ, ինչից հետո նրանք միասին վերադարձել են իրենց բնակարան: Զարուհու ընկերուհիների, ինչպես նաև հարևանների խոսքերով՝ դեպքին հաջորդող օրերին Զարուհին գանգատվել է գլխացավերից և որովայնի մասում ցավերից, կապտուկներ է ունեցել, սակայն չի դիմել ո՛չ բուժօգնության համար, ո՛չ էլ ոստիկանություն:
2010թ. սեպտեմբերի 30-ի ժամը 20-ի սահմաններում Զարուհին վատացել է և տեղափոխվել հիվանդանոց: Հիվանդանոցում Զարուհու մոտ ախտորոշել են գանգուղեղի հեմատոմա, աջ ձեռքի 2-րդ մատի փակ կոտրվածք` առանց տեղաշարժի, մարմնի տարբեր շրջանների արյունազեղումներ: Մի քանի ժամ անց Զարուհին, գիտակցության չգալով, մահացել է:
 Զարուհու մահվան փաստով 2010թ. հոկտեմբերի 1-ին հարուցվել է քրեական գործ, որն ավարտվել է 2011թ. փետրվարի 11-ին: Հոկտեմբերի 1-ին ձերբակալվել է Սարկիսովը, ում նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: Սարկիսովը որպես կասկածյալ հարցաքննվելիս չի ընդունել իր մեղքը և ցուցմունք է տվել այն մասին, որ երբևէ չի ծեծել կնոջը, պնդել է, որ Զարուհին մարմնական վնասվածքները աստիճաններից վայր ընկնելու հետևանք են՝ միևնույն ժամանակ չհերքելով սեպտեմբերի 26-ին տեղի ունեցած քաշքշուկի ժամանակ Զարուհու՝ գետնին ընկնելու փաստը: 
Հետագայում Յ.Սարկիսովը առաջարկել է այլ վարկած՝ պնդելով, որ Զարուհին մահացել էթունավորման հետևանքով՝ ամաչելով իր արտամուսնական սիրային կապից:
Սարկիսովի գործով դատավարությունը մեկնարկել է 2011թ. մարտին Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում: Սարկիսովն իրեն մեղավոր չի ճանաչել և օգտվել է իր՝ լռություն պահպանելու իրավունքից: Գործով վկաների մեծ մասը ցուցմունք են տվել, որ տեղյակ կամ ականատես են եղել, թե ինչպես է Սարկիսովը պարբերաբար ծեծի ենթարկել իր կնոջը: Համաձայն գործով նշանակված դատաբժշկական չի ճանաչելփորձաքննության եզրակացության՝ Զ. Պետրոսյանը մահացել է գանգուղեղային փակ, բութ տրավմայից, իսկ թույնի ազդեցության հետքեր չեն հայտնաբերել: Եզրակացության համաձայն՝ Զարուհու դիակի ուսումնասիրության ժամանակ հայտնաբերվել են գլխուղեղի վնասվածք, պարանոցի, կրծքավանդակի, որովայնի, վերին և ստորին վերջույթների բազմաթիվ արյունազեղումներ, աջ դաստակի երկրորդ մատի փակ կոտրվածք, հաստ աղու միջընդերքի արյունազեղումներ, ընդ որում՝ բոլոր վնասվածքները պատճառվել են կենդանության օրոք` մահվանից մոտավորապես 5-6 օր առաջ:
2011թ. հոկտեմբերի 14-ին Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը Սարկիսովին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-մասի 14-րդ կետով (առողջությանը դիտավորյալ վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ) մեղավոր է ճանաչել ու վճռել է դատապարտել հոդվածով նախատեսված առավելագույն պատժի՝ 10 տարվա ազատազրկման:
Սարկիսովը բողոքարկել է վճիռը ՀՀ վերաքննիչ դատարան, սակայն 2011թ. դեկտեմբերի 27-ին դատարանը մերժել է բողոքը՝ ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի վճիռը: Չհամաձայնվելով Վերաքննիչ դատարանի որոշման հետ՝ 2012 թ. փետրվարի 17-ից որոշակի ժամանակով Սարկիսովը հացադուլ էր հայտարարել: Վճռաբեկ դատարանը 2012 թ. մայիսի 17-ին Սարկիսսովի բողոքը վերադարձվել է՝ ժամկետանց լինելու հիմքով:

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ընտանեկան բռնության զոհ դարձած Զարուհի Պետրոսյանի մահը հասարակության կողմից վրդովմունքի մեծ ալիք բարձրացրեց և նպաստեց նրան, որ 7 հասարակական կազմակերպություն կազմեցին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան՝ նպատակ ունենալով Զարուհու դեպքի հիման վրա պահանջել, որպեսզի կանանց նկատմամբ բռնություն իրականացնողները պատասխանատվության ենթարկվեն, ինչպես նաև բարձրացնել լայն զանգվածների իրազեկվածությունը կանանց ու աղջիկների նկատմամաբ բռնության վերաբերյալ և նպաստել գոյություն ունեցող մտածելակերպի փոփոխությանը ընտանեկան բռնության հանդեպ:
Կոալիցիա կազմող ՀԿ-ները կազմակերպել էին մի շարք միջոցառումներ, որոնք նվիրված էին Զարուհի Պետրոսյանի հիշատակին, ինչպես նաև՝ ընտանեկան բռնության մասին հասարակության տեղեկացվածության բարձրացմանը, այդ թվում՝
— 2011 թ. հոկտեմբերի 3-ին մոմավառության արարողություն էր կազմակերպվել Երևանի կենտրոնում;
— 2011 թ. հունվարի 31-ին՝ պիկետ ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև՝ Զարուհի Պետրոսյանի գործով արդարադատություն իրականացնելու ու մեղավորներին պատասխանատվության ենթարկելու պահանջով: Այդ ակցիան կազմակերպվել էր Լոս Անջելեսում անցկացվող երթին զուգահեռ, որը կազմակերպվել էր Human Rights Council-ի նախաձեռնությամբ և ուղղված էր դադարեցնելու Հայաստանում կանանց հանդեպ բռնությունը:
Այս գործին անդրադարձել է նաև ԱՄՆ Պետական Դեպարտամենտը իր 2011 թվականի մարդու իրավունքների զեկույցում:

Comments

  1. Pingback: Զարուհի…

Comments are closed.