Ի՞նչ խնդիրներ ունեն կանայք Հայաստանում. հարցազրույց

Կանանց միամյսակը մեր երկրում կանանց ունեցած խնդիրները քննարկելու և համապատասխան լուծումներ առաջարկելու համար լավ առիթ է: Հայաստանում կանանց խնդիրների մասին «Անկախը» զրուցել է «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության հասարակության հետ կապերի պատասխանատու Էլվիրա Մելիքսեթյանի հետ:
— Մեր երկրի մայր օրենքում` Սահմանադրությունում, ամրագրված է, որ ՀՀ-ում բոլոր քաղաքացիներն օրենքի առջև հավասար են: Իսկ գործնականում իրավիճակն ինչպիսի՞ն է: Որքանո՞վ է ապահովված կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը:
— Ներկա պահին օրենքների մակարդակով գոնե նվազագույն հնարավորություններ տրված են կանանց ու տղամարդկանց սոցիալական հարթակում հավասար իրավահարաբերություններ ունենալու համար: Սակայն եթե դիտարկենք հասարակությունում իրական փոխհարաբերությունները, ապա խտրականությունն ակնհայտ է` սկսած ընտանիքում դաստիարակությունից, երբ տղաները և աղջիկները տարբեր կերպ են դաստիարակվում` հիմքում ունենալով հայրիշխանական արժեհամակարգը: Հենց ընտանիքի ինստիտուտից է սկսվում կանանց նկատմամբ խտրականությունը. հագուստի գույնի ընտրություն, խաղալիքներ, զբաղմունքներ ու հմտությունների զարգացում, մինչև իսկ մասնագիտության ընտրություն:

Վերջերս կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ սպասարկման ոլորտում նույն աշխատանքի համար կանայք ավելի քիչ եկամուտ են ստանում: Այս հարցում Հայաստանը եզակի չէ: Ուրիշ խնդիր էլ կա. կանանց աշխատանքի չեն ընդունում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ հետագայում կարող են ֆիզարձակուրդ գնալ:

Խնդիր ունենք նաև կնոջը բարձր պաշտոնում տեսնելու առումով: Առաջատար դերերում հիմնականում տղամարդիկ են, իսկ կանայք հիմնականում ծառայությունների ոլորտներում են կարողանում ղեկավարողի պաշտոն ստանձնել: Խնդիր ունենք նաև հոգեբանական տեսանկյունից. երբ խոսում ենք կնոջ դերերի մասին, քիչ թվով մարդիկ են, որ կարողանում են կնոջն առաջատար դերում տեսնել, անգամ տեսնողները թերահավատությամբ են խոսում այդ մասին:
Գաղտնիք չէ, որ սեռով պայմանավորված հղիության ընդհատման լուրջ խնդիր կա: Հայաստանն այս ցուցանիշով աշխարհում երրորդ տեղում է, ինչը սեռի հատկանիշով խտրականության առավել սուր դրսևորումներից է: Մենք աշխարհում երրորդ տեղն ենք գրավում այն երկրների շարքում, որտեղ աղջիկ երեխա չեն ուզում ունենալ` նախապատվությունը տալով տղաներին:
— Մենք չունենք նաև օրենքներ, որոնք ուղղված լինեն կանանց իրավունքների պաշտպանությանը: Ինչո՞ւ, օրինակ, դեռ չունենք օրենք ընտանեկան բռնության մասին:
— Երկար տարիներ է, ինչ մի քանի կազմակերպություններով փորձում ենք հասնել այդ օրենքի ընդունմանը: Անցած տարի նոյեմբերի 25-ին` կանանց իրավունքների պաշտպանության 16-օրյակի շրջանակներում, բոլոր պատգամավորներին անհատապես նամակներ ուղղեցինք, նաև հասարակությունում ստորագրահավաք կազմակերպեցինք: Շատերը կողմ էին օրենքի ընդունմանը, դեմ կարծիք չկար: Սա առաջընթաց է, քանի որ հասարակությունը միշտ չէ, որ ողջունում է գենդերային փոխհարաբերությունների հետ կապված նախաձեռնությունները: Ցավոք սրտի, առայժմ կառավարությունը համարում է, որ բավարար մեխանիզմներ չունենք առանձին օրենքի ընդունման համար: Առաջ քաշված նկատառումները հաշվի են առնվել, և հույս ունենք, որ նախագիծը ևս մեկ անգամ քննարկման կդրվի: Բացի այն, որ օրենքն ընտանեկան բռնության կանխարգելման ռազմավարությունն է բովանդակում նաև հոգեբանական տեսանկյունից է հարց լուծում. վերջապես ընդունում ենք, որ, այո, մեր հասարակությունում հրատապ խնդիր է ընտանեկան բռնությունը: Մինչև հիմա թե՛ հասարակական կարծիքում, թե՛ դատական մակարդակում թերահավատություն կա այդ երևույթի ու դրա վտանգավորության վերաբերյալ, որովհետև համարում են, որ դրանք եզակի դեպքեր են: Բայց եթե վերցնենք ցանկացած հայկական ընտանիք, պատասխանատու եմ բառերիս համար, կտեսնենք, որ այնտեղ ինչ-որ տեսակի բռնություն կա, սկսած հոգեբանական բռնությունից, որը կարող է վերածվել սպառնալիքների կամ կոպիտ խոսելաձևի, վերջացրած ֆիզիկական ու սեռական բռնությամբ:
— Իսկ կարո՞ղ եք առանձնացնել, թե հատկապես որ ոլորտներում են կանանց իրավունքները շատ ոտնահարվում:
— Դժվար է ինչ-որ ոլորտ առանձնացնելը, որովհետև մեկը մյուսի հետ կապված է: Հասարակական մակարդակով դեռևս չունենք հավասարության գիտակցությունը, չնայած ունենք օրենքներ ու ազգային պլաններ:
Մի կողմից` կառանձնացնեմ ընտանիքի ինստիտուտը, որը, ցավոք սրտի, դաստիարակում է պոտենցիալ զոհերի: Երկրորդ. կնոջ սեռականության հարցը, որը դիտարկվում է որպես գրավչության օբյեկտ տղամարդկանց աչքում: Կնոջ սեռականության ու ազգի պատվի նույնականացումը ևս մեծ հոգեբանական բռնություն է կանանց նկատմամբ:
Այնպիսի ոլորտ չկա երևի, որտեղ կինը խտրականության չենթարկվի: Անգամ ընտանիքի ներսում կինը չի կարողանում ինքնահաստատվել ու իր ամբողջ պոտենցիալով ներկայանալ, քանի որ նույն ընտանիքի ներսում կարևոր որոշումները կայացնում է տղամարդը: Կինը պատասխանատու է հիմնականում խոհանոցի համար: Բայց, օրինակ, երեխաների հետ կապված ոլորտներում կանայք ինքնաիրացվելու ավելի շատ հնարավորություններ ունեն:
Մի խնդիր էլ ունենք` հայրիշխանական մտածելակերպը, որը ենթադրում է, որ իշխանությունը, որոշումներ կայացնելու ուժը և իշխանություն կիրառելու գործիքները տղամարդկանց ձեռքում են, դրա հետևանքով ունենք հասարակություն, որտեղ ի սկզբանե տղամարդիկ փաստացի ավելի շատ հնարավորություններ ունեն, քան կանայք:
— Իսկ ԶԼՄ-ների, հատկապես սերիալների և նրանց դերի մասին ի՞նչ կասեք:
— Եթե նայենք մեր հայկական սերիալները, որոնք եթերում հիմա կան, բոլորը նպաստում են բացասական կարծրատիպերի ամրապնդմանը: Կնոջ ամեն տեսակի իրավունքների ոտնահարում է տեղի ունենում, քանի որ կինն այստեղ թե՛ ընտանիքի ներսում, թե՛ դրսում պետք է լինի խեղճ, հեզ, համեստ, իսկ տղամարդիկ կարողանում են հոգեբանական, ֆիզիկական ու սեռական բռնության ենթարկել իրենց զուգընկերներին: Միաժամանակ, տղամարդիկ հերոսներ են համարվում, այսինքն` հերոսի դերը տրվում է բացասական կերպար ունեցող տղամարդուն: Այսպիսի մոդելներ տեսնելով` երեխաները և նույնիսկ հասուն մարդիկ օրինակ են վերցնում դրանից: Եթե անգամ մենք գիտակցաբար չենք ուզում բռնություն գործադրել, եթե փողոցում տեսնենք բռնության տեսարան` սովորական կթվա, որովհետև հեռուստաեթերում անընդհատ տեսնում ենք բռնություն, ու երբեք չի խոսվում պատժելիության մասին:
Նաև տեսնում ենք, որ պրոպագանդվում է կնոջ մոդել, որը սեռապես գրավիչ պետք է լինի` ընդգծված դիմահարդարմամբ ու բարձրակրունկ կոշիկներով, բայց միայն արտաքինից, քանի որ բնույթով պետք է լինի համեստ ու զուսպ: Իսկ եթե մեկը կարողանում է բնավորությամբ արտահայտիչ լինել, բարոյական հարցին է սկսում անդրադարձ կատարվել, ներկայացվում է որպես թեթևաբարո կին:
— Ի՞նչ է պետք, որ քարը տեղից շարժվի:
— Այստեղ համակարգային մոտեցում է պետք: Մի կողմից` պետք է օրենսդրական դաշտն ամրապնդել: Եթե ունենալով բռնության հսկայական ցուցանիշներ, չունենք ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենք, անուղղակիորեն նպաստում ենք բռնությունների թվաքանակի աճին:
Մյուս կողմից` պետք է նպաստել կրթական համակարգում փոփոխություններին: Ի դեպ, այստեղ հաջողություն ունենք. հասարակագիտություն առարկայի շրջանակներում այսուհետ առանձին պետք է խոսվի գենդերային իրավահավասարության մասին:
Բացի այդ, հասարակության հետ աշխատանք է պետք տանել` հանդիպումներ, ոչ ֆորմալ կրթություն: Ուղղակի այստեղ մի խնդիր կա. հասարակությունը միշտ չէ, որ պատրաստ է լինում լսելուն: Դերերը հիմա բաշխած են այնպես, որ տղամարդիկ իրենց դերից դժգոհ չեն, իսկ կանայք էլ սովորել են ու հարմարվել: Համապատասխան գիտակցության ձևավորման գործում մեծ է արվեստի և գրականության դերը:
— Իրավահավասարությունն ապահովելու ուղղությամբ ՀԿ-ների կողմից համակարգված աշխատանքներ են իրականացվում, իսկ պետական մակարդակո՞վ:
— Բավարար, լիարժեք աշխատանք ոչ մի ինստիտուտ էլ չի տանում, դրանք բավականին բարդ պրոցեսներ են ու նպատակն իրագործելու ունիվերսալ ռազմավարություն չկա: Հաճախ դժվարություն ենք ունենում պետական կառույցների հետ երկխոսության հարցում: Հիմա, բարեբախտաբար, քարը տեղից շարժվել է: Քիչ առաջ նշեցի կրթական ու օրենսդրական դաշտում տարվող աշխատանքների մասին: Հիմա ոստիկանությունում ունենք ընտանեկան և անչափահասների նկատմամբ առանձնացված վարչություն, ունենք ազգային պլան, որն ուղղված է իրավահավասարության հաստատմանը: Պարզապես այստեղ խնդիրն այն է, որ երբեմն պետական օղակներում հենց ծրագրերն իրականացնողներն ունեն պատրիարխալ հայացքներ:
Ֆորմալ մակարդակով քայլեր արվում են, իհարկե, բացեր էլ շատ կան, և չենք կարող ասել, որ կանայք պաշտպանված են այս հասարակությունում: Ոլորտներ կան, որտեղ պետական համակարգը կարող է իր ներդրումն ունենալ, սակայն չի արվում, քանի որ սա դեռևս օրակարգային հարց չէ:
Օրինակ, եթե հեռուստատեսությունը կարողանա ուղղորդիչ աշխատանքներ իրականացնել, մի քանի տարի անց հասարակությունում փոփոխությունները նկատելի կլինեն առանց մեծ ջանքերի:
Հեղինակ՝ Հայկուհի Բարսեղյան
Աղբյուր՝ Անկախ.com