Կին քաղաքական գործիչները կարծրատիպերի ճիրաններում

Հայաստանում քաղաքական-հասարակական ակտիվություն դրսեւորող կանայք մշտապես ուշադրության կենտրոնում են ոչ միայն որպես հանրային անձ, այլեւ որպես տարաբնույթ, այդ թվում սեռական ոտնձգությունների օբյեկտ: Կանանցից շատերը խուսափում են մուտք գործել քաղաքականություն, քանի որ գիտեն, որ հանրությունն ու լրագրողները իրենց մանրադիտակով են զննելու: Սակայն գտնվում են եւ խիզախ կանայք, որոնք մտնելով քաղաքականություն՝ հարվածի տակ են դնում իրենց անձը:

Ասվածի օրինակն է օրերս լրատվական կայքերից մեկի տարածած նյութը՝ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի իբր մտերմության վերաբերյալ: Լրատվամիջոցը իրեն թույլ է տվել անառիթ ներթափանցել քաղաքական գործիչների անձնական կյանք՝ ինչ-որ շեշտարդումներ կատարելով Աբրահամյանի եւ Հովհաննիսյանի վերաբերյալ: 


Բնավ ցանկություն չունենալով հերքելու այն տեղեկատվությունը, որ տվյալ կայքն է տարածել կամ պատասխանելու նյութում արվող ակնարկներին՝ այնուամենայնիվ, չենք կարող չանդրադառնալ այն իրողությանը, որ նման նյութերը հեղինակազրկում են կին քաղաքական գործիչներին՝ հասարակության մեջ ամրացնելով այն կարծրատիպը, թե քաղաքական դաշտում առկա կանայք այս կամ այն տղամարդ պաշտոնյայի կամ հարազատ-բարեկամն են կամ էլ սիրուհին:

Նման կարծրատիպի պատճառով է, որ հասարակության մի ստվար զանգված ընտրություններին առաջադրված կանանց օգտին չի քվեարկում զուտ այն պատճառով, որ թեկնածուն կին է: Չթերագնահատելով Ազգային ժողովում ներկայացված կին կամ տղամարդ պատգամավորներին` պետք է նշել, որ Արփինե Հովհաննիսյանը ամենապատրաստվածներից մեկն է օրենսդրական գործունեության համար:

Նա, ավարտելով ԵՊՀ Իրավաբանական ֆակուլտետի բակալավրը, մագիստատուրան ու ասպիրանտուրան, աշխատանքի է անցել պետական մարմիններում՝ միաժամանակ դասավանդելով համալսարանում: Հովհաննիսյանը որպես մասնագետ գրեթե 10 տարվա աշխատանքային փորձ ունի եւ Հայաստանի լավագույն երիտասարդ իրավաբաններից մեկն է: 
Նման կենսագրություն ունեցող կնոջ համար ավելի քան բնական է մանդատ ունենալ Ազգային Ժողովում, որտեղ նա արդեն մեկ տասնյակ օրենքների նախագծեր է հեղինակել ու համահեղինակել, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ է: Սակայն տվյալ լրատվամիջոցը, անտեսելով Արփինե Հովհաննիսյանի մասնագիտական հնարավորություններն ու աշխատանքային փորձը, հարկ է համարել անդրադառնալ միայն նրա գեղեցիկ արտաքինին ու Հովիկ Աբրահամյանի հետ մտերմությանը: Սա այն դեպքերից է, երբ կինը դիտվում է զուտ որպես սեռական օբյեկտ, այլ ոչ որպես քաղաքական գործիչ եւ մասնագետ:

Ի դեպ, սա առաջին անգամը չէ, երբ քաղաքական հաշվեհարդարի արդյունքում կին քաղաքական գործիչը անձնական վիրավորանքների է ենթարկվում մամուլի կողմից: 

Բավական է միայն հիշել ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի օրինակը, ում ակտիվ գործունեությունը ԵԽԽՎ-ում շատերին դուր չէր եկել, եւ արդյունքում թերթերից մեկը մի անբարո կոլաժ հրապարակեց՝ Փոստանջյանի «մասնակցությամբ»:
Պատգամավորը դիմեց դատարան, ներկայումս այդ թերթը չի հրապարակվում: Ի դեպ, Փոստանջյանը եւս իրավաբանական կրթություն ունի եւ տարիներ շարունակ ներկայացնում է Հայաստանը ԵԽԽՎ-ում: Գուցե Արփինե Հովհաննիսյանն էլ հետեւի Փոստանջյանի օրինակին, մանավանդ, որ իր մասնագիտական կարողությունները ավելի քան բավարար են դրա համար:

Անկախ իրադարձությունների հետագա ընթացքից՝ տվյալ լրատվամիջոցը նման հրապարակումով արդեն իսկ նպաստել է կին քաղաքական գործիչների վերաբերյալ հասարակությունում առկա կարծրատիպերի ամրապնդմանը:

Աղբյուր՝ blog.womennet.am 

Հեղինակ՝ Արման Ղարիբյան