Առաջին դաշտան. ի՞նչ է պետք իմանալ

Դաշտանը կնոջ սեռական ուղիներից արյունային արտադրությունն է, որը պարբերաբար ի հայտ է գալիս դաշանային ցիկլի վերջում արգանդի լորձաթաղանթի ֆունկցիոնալ շերտի շերտազատման արդյունքում։


Առաջին դաշտանը համընկնում է սեռական երկրորդային նշանների ի հայտ գալուն, որը վկայում է սեռական հասունացման սկսման մասին: Այդ ժամանակ աղջիկներից ու պատանիներից շատերի դեմքին առաջանում են պզուկներ, մաշկը և մազերը ճարպոտում են, ուժեղանում է քրտնարտադրությունը: Այդ երևույթները պայմանավորված են ներզատիչ գեղձերի գործունեությամբ և սեռական հորմոնների բուռն արտադրությամբ: Լինելով սովորական ֆիզիոլոգիական փոփոխություններ` նրանք անցնում են առանց բուժման:

Առաջին դաշտանը սովորաբար տեղի է ունենում 11-15 տարեկանում, սակայն երբեմն այն կարող է տեղի ունենալ 9-10, ինչպես նաև 16 տարեկան հասակում:

Առաջին դաշտանից մի քանի ամիս առաջ հեշտոցից կարող է նկատվել անգույն կամ սպիտակավուն, հեղուկանման կամ մածուցիկ արտադրություն: Դա կոչվում է ֆիզիոլոգիական սպիտակահոսք և միանգամայն բնական երևույթ է:

Առաջին դաշտանը սովորաբար շատ թեթև է լինում և իրենից ներկայացնում է արյան քիչ քանակություն: Որոշ աղջիկների մոտ դաշտանային ցիկլը հենց սկզբից պարբերական է լինում և տեղի է ունենում ամեն ամիս: Մյուսների մոտ այն սկզբնական շրջանում պարբերական բնույթ չի կրում, և կարող է բացակայել մի քանի ամիս շարունակ կամ էլ տեղի ունենալ ամիս երկու անգամ:

Դաշտանի առաջին տարում այս անկանոնությունը սովորական երևույթ է, քանի որ օրգանիզմին ժամանակ է պահանջվում դաշտանային պարբերաշրջանը կանոնավորելու համար:

Դաշտանային սովորական պարբերաշրջանը տևում է 28-30 օր, բայց կարող է լինել 22-35 օր:

Յուրաքանչյուր մայր պետք է պատմի իր 10-11 տարեկան աղջկան, թե ինչ է դաշտանը, ինչպես է ընթանում, ինչպիսի հիգիենա պահպանել և հիգիենիկ պահանջները իմանալ:

Դաշտանի օրերին չի կարելի լողանալ ջրավազաններում կամ ջրամբարներում, խորհուրդ է տրվում հնարավորության դեպքում ամեն օր ցնցուղի տակ լողանալ կամ հիգիենիկ լվացումներ կատարել:

Աղբյուրը՝ doctors.am