Ամենից առավել եղեք մարդ, հետո հայ կամ թուրք. Հարցազրույց

Ինչպե՞ս կներկայանաք

Անունս Աիդա է, մասնագիտությամբ մանկավարժ եմ, շատ եմ սիրում երեխաներին, դա է եղել պատճառը, որ փոխել եմ իմ առաջին մասնագիտությունն ու դարձել եմ մանկավարժ։
Ունեմ մեկ աղջիկ։       
Ինչպե՞ս է պատահել, որ բնակվում եք թուրք կնոջ հետ մեկ տան մեջ
Ես տեղյակ էի «Հրանտ Դինք հիմնադրամ» կազմակերպության մասին, գիտեի, որ այդ ծրագրով Թուրքիայից ու Հայաստանից կազմակերպվում են փոխադարձ այցելություններ։ Համացանցի միջոցով կապվեցի ու խնդրեցի իմ տուն հրավիրեն Հայաստան այցելել ցանկացող մի աղջկա կամ կնոջ։ Եվ ահա արդեն 4 ամիս է, ինչ ես հյուրընկալել եմ ազգությամբ թուրք, մասնագիտությամբ մարդաբան, Ստամբուլի Մալթեպե համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի 
դասախոս Էմինե Օնարանին։

Ի՞նչ է փոխվել ձեր մեջ՝ մինչև թուրք կանանց հետ շփումը և հետո
Մինչ այդ ես երբեք չեմ այցելել Թուրքիա և բնականաբար չեմ ունեցել ազգությամբ թուրք որևէ մեկի հետ ծանոթություն կամ շփում։ Այժմ Էմինեի թուրք ընկերներից մի քանիսը արդեն ֆեյսբուքյան իմ ընկերներն են։ Ասեմ ավելին Մայիսին Էմինեի ընկերուհին Ստամբուլից կհյուրընկալվի իմ տանը մեկ շաբաթով։ Ես արդեն նրա հետ ծանոթացել եմ Skype-ի միջոցով։ Պատկերացումներս թուրքերի մասին շատ սահմանափակ և կասեի կողմնակալ էին, քանի որ տարբեր աղբյուրներից քաղած ինֆորմացիան չի տալիս մարդկային էության մասին քիչ թե շատ հստակ պատկերացում։ Միայն կենդանի շփումը , զրույցներն ու տարբեր վայրեր այցելելը 
բացում են մարդաճանաչության մեծ հորիզոններ։ Եվ բնականաբար կարծիքս շատ փոխված է թուրք ազգի նմատմամբ, վառ ապացույցը դրա նոր թուրք կնոջ ապագա այցն է իմ տուն։
Ի՞նչ է նա ձեզ սովորեցրել, ինչ նոր բան եք հասկացել, զգացել, սովորել

Նախ երկկողմ սովորում ենք լեզուն, ազգային սննդատեսակները, կենացներն ու շատ սովորություններ: Մեր մշակույթները շատ նման են, ժամանակին
միասին ենք ապրել, կենցաղ ենք կիսել, այժմ էլ Թուրքիայում շատ հայեր կան ուղղակի
մենք կորցրել ենք կապը Թուրքիայում ապրող հայերի հետ: Ես չեմ սիրում երբ
վիրավորում են թուրքերին, որովհետև առաջինը իմ ընկերուհուն եմ հիշում և չեմ
ցանկանա մեկ վատ բառ ասել նրա հասցեին: Էմինեն շատ կիրթ ու հաճելի անձնավորություն է և այդ կինը ինձ վրա լավ տպավորություն է թողել, դա նրա վարվեցողությունն է, մարդկային ջերմ վերաբերմունքը, նրա ձգտումը փորձել հասկանալ կատարված ամեն ինչ,նրա ձգտումը գտնելու մեր երկու ազգերի նմանությունները, նման սովորությունները, արտահայտությունները ու պարզելուց հետո ուրախանալ դրանցով, կարծում եմ գնահատանքի արժանի հատկություններ են։

Ինչ եք դուք նրան սովորեցրել, տվել, հասկացրել
Ես
նրանպատմել եմ իմ ժողովրդի մասին, կենցաղի մասին, պատմական իրողությունների և դրանց
նկատմամբ իմ զգացողությունների մասին: Կարծիքներ փոխանակելը և քննարկումներ
իրականացնելը ոչ թե քաղաքական սեղանի շուրջ այլ ընթրիքի շուրջ շատ բան են տվել թե՛
ինձ թե՛ իրենց:Հատկապես համոզված եմ, որ մեր հայկական ղափաման, գավառի քյուֆթան ու գաթան, որը պատրաստելու բաղադրատոմսերը ես կիսել
եմ նրա հետ, նա երկար կհիշի ու կփորձի պատրաստել։
Ինչպե՞ս եք շոշափում ցեղասպանության թեման միասին
Միմյանց տալիս ենք բազմաթիվ հարցեր պատմական, քաղաքական, միջանձնային տարբեր հարցազրույցներով շատ բաներ ենք պարզում, օրինակ որ Էմինեն ցեղասպանության մասին իմացել է 20 տարեկանում երբ սովորելիս է եղել ԱՄՆ-ոմ, հետո ինքնակրթմամբ բացահայտել է իրողությունը։ Կամ ես պատմել եմ իմ պապիկի ողջ ընտանիքը ինչպես է Ալաշկերտից տեղափոխվել Լոռու մարզ ու ինչպես են կորցրել իրենց զույգ որդիներին։ Կամ զրուցում ենք մեր երկրների նախագահների կատարած քայլերի մասին ու շատ հաճախ դրանք 
հավանության չեն արժանանում մեր կողմից։ Իհարկե թեման շատ ցավոտ է քննարկման համար, բայց հնարավորինս լինում ենք անկեղծ միմյանց նկատմամբ։ Օրինակ՝ այդ զրույցների ժամանակ  ես չեմ հիշեցնում իմ մորեղբայրների սպանության մասին, իսկ Էմինեն մեծ պատրաստակամություն ունի, անհամբեր հարցնում է,թե երբ ենք այցելելու Ծիծեռնակաբերդ, ցեղասպանության թանգարան։ Անկեղծությունն անկնհայտ է, պետք է շարունակել պարզ մարդկային շփումը։

 
Ի՞նչ եք կարծում Թուրքիան ներկայացնում է բոլոր թուրքերի տեսակետները
Իհարկե ոչ, այդ երկրի դժվարությունը նրա բազմազգ լինելու մեջ է,կան շատ ազգային փոքրամասնություններ, որոնց խնդիրները լուծելու համար ներկա նախագան անկարող է, իր սահմանափակ ու միակողմանի մտածելակերպով։ Էրդողանով Թուրքիան չի դառնա ժողովրդավարական երկիր,
ինչը նաև մեծ ազդեցություն կունենա Հայաստանի վրա: Ես գտնում եմ, որ եթե Թուրքիան զարգացում
է ապրում և մենք ունենանք բաց սահմաններ և թափանցիկ միջանձնային հարաբերություններ
թուրքերի հետ ապա Հայաստանը միայն կշահի դրանից: Ամեն դեպքում Էրդողանի և ներկային
թուրքական կառավարության քաղաքականությունը անընդունելի է թե՛ իմ կողմից և թե՛ շատ
թուրքերի կողմից:
Ի՞նչ կոչ կանեք հայ կամ թուրք կանանց
Ես կոչեր չեմ սիրում, պարզապես խորհուրդ կտամ բոլորին անկախ սեռից: Ամենից առավել եղեք մարդ, հետո հայ կամ թուրք։
Հարցազրույցը պատկանում է՝ Armenian Feminist Blog-ին, բոլոր հղումները պարտադիր են բլոգին:
Մենք հարգում ենք հեղինակային իրավունքները: