Անդրադարձ կանանց գիրությունը ծաղրող գովազդային ցուցանակին

Զարմանալի է, թե ինչպե՞ս ենք մենք որպես հասարակություն գնալով հանդուրժող դառնում տարբեր տեսակի խտրական վերաբերմունքի և արարքների նկատմամբ:

Դրանցից մեկը ամոթանք տալու կամ ինչ որ մեկին նվաստացնելու իրողությունն է: Երբ տարբեր անձինք որոշում են, որ իրենք կարող են իրավունք վերապահել ինչ որ մեկին ստիպելու վատ զգալ իրեն ինչ որ մի բանի համար, որը իրենից չի կախված:

Ինչպես օրինակ մեղադրել կնոջը, որ մեծ կրծքեր ունի, կամ մեղադրել ինչ որ մեկին, որ նա գեր է կամ բարձրահասակ:

Նույնիսկ եթե դա այդ անձից է կախված, ապա առավել ևս հակասահմանադրական է ասել նրան թե ինչ անի և ինչպիսի մարմին ունենա: Ամեն մարդ պետք է ունենա իր մարմնի հետ կապված որոշումներ ընդունելու իրավունք: եթե ինչ որ մեկը գեր է դեռ չի նշանակում, որ դա իրեն դուր չի գալիս: Միգուցե նա այդպես է իրեն գեղեցիկ զգում, ճիշտ այնպես ինչպես նիհար մոդելները իրենց այդպես են գեղեցիկ զգում: 

Ցավոք շատ շատերը մեր օրերում նորմալ են համարում ծաղրելը ինչ որ մեկին իր քաշի կամ արտաքինի համար, ասելով, որ նա տգեղ է կամ կատակներ անել դրա շուրջ:

Նման կատակները միայն վնասում են, որովհետև ոչ մի կին իրեն լավ չի զգա եթե իրեն ասեն, որ նա տգեղ է, արժեք չունի որովհետև գեր է, իսկ նիհարելու դեպքում էլ ի՞նչ են ասելու, որ “ծծած մոմպա՞ս” է այդ կինը: Բռնությունը և խտրականությունը բացահայտ են այստեղ:

Մի շարք ուսումնասիրություններ ապացուցում են, որ այն անձինք ովքեր կատակներ են անում գեր կամ ծանր քաշ ունեցող մարդկանց մասին, ապա իրենք ավելի հակված են այդ արտաքինով մարդկանց աշխատանքի չվերցնելու հետևաբար և խտրականության ենթարկելու քան այն անձինք ովքեր գիրության մասին կատակները տեղին և ծիծաղելի չեն համարում:

Մեկ այլ ուսումնասիրության շրջանակներում, մի խումբ կանանց խնդրել են մի օրագիր պահել և այնտեղ գրանցել այն բոլոր պահերը երբ իրենք իրենց մարմնի/արտաքինի մասին բացասական մեկնաբանություններ են լսել և իրենց լավ չեն զգացել: Կանանց գրանցածը ապշեցրել է թե՛ իրենց թե՛ ուսումնասիրողներին: Քանի որ պարզվել է, որ օրեկան բոլոր կանայք առնվազն երկու անգամ և ավել իրենց հասցեին լսել են բացասական, ծաղրող կամ քննադատական մեկնաբանություններ՝ իրենց գործընկերների, բարեկամների, ընտանիքի և ընկերների կողմից:

Այնպես ինչպես չի կարելի մարդուն իր մաշկի գույնի համար խտրականության ենթարկել, նույնապես մարդուն չի կարելի մեղադրել կամ խտրականության ենթարկել նրա գիրության պատճառով:

Այդ բացասական մեկնաբանությունները գումարված մեդիայի և ԶԼՄ-ների ամենօրյա ռմբակոծումները այն մասին, որ ձեր մարմինը պետք է փոխել, այն բավարար գեղեցիկ չէ, գեղեցկությունը ամեն ինչի գաղտնիքն է և այն, որ դուք գեղեցիկ ներաշխարհ ունեք երկրորդական է, և առաջնային է ձեր արտաքինը անպայման ազդում են մարդու հոգեկանի վրա և մարդը հետագայում ընկնում է դեպրեսիայի մեջ և որ ամենացավալին է սնվելու հետ կապված խդնիրներ է ունենում:

Մտահոգվելով քաշի մասին, շատ անոռեկսիայով հիվանդներ պատմել են թե ինչպես է իրենց հիվանդությունը սկսվել իրենց մարմնի տգեղության հետ կապված և ավելորդ քաշի հետ կապված կպչուն մտքերով, որը գրգռել են հենց իրենց շրջապատում իրենց մարմնի մասին մեկնաբանություններ անողները և մեդիայում երևացող նորաձևությամբ պրոպագանդվող ոսկրոտ կանանց նկարները:

Անհրաժեշտ է հասկանալ, որ գիրությունը միայն սնունդից չէ, այնպես, որ գովազդելով ֆիթնես սրահը այն կարող է նաև ազդել գենետիկորեն գիրություն ունեցող մարդկանց վրա և վնասել նրանց:

Մարդու առողջությունը և երջանկությունը ավելի կարևոր են քան մարդուն դատելը իր գիրության կամ նիհարության աստիճանով: