Բռնության դեմ պայքարի ծրագրում անհրաժեշտ է ներգրավել հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկներին

«Բոլոր երկրների կառավարությունները պետք է այնպես անեն, որ հաշմանդամություն ունեցող կանայք և աղջիկներն ընդգրկվեն սեռով պայմանավորված բռնության դեմ պայքարի ծրագրերում»,- ասել է Human Rights Watch ամերիկյան իրավապաշտպան կազմակերպությունը իր հայտարարության մեջ։ Կանանց միջազգային օրվան ընդառաջ կազմակերպությունը հրատարակել է մի ձեռնարկ՝ սեռով պայմանավորված բռնության դեմ պայքարի վերաբերյալ։
Հաշմանդամություն ունեցող կանայք և աղջիկները գտնվում են առավել խոցելի խմբում, քանի որ բռնության են ենթարկվում իրենց տանը, դպրոցում, կազմակերպություններում և ընդհանուր առմամբ՝ իրենց համայնքում։ Նրանք հաճախ չեն ընդգրկվում կանխարգելիչ ծրագրերում, չեն կարողանում օգտվել աջակցության կենտրոնների և իրավաբանական ծառայություններից՝ իրենց սեքսուալության մասին կարծրատիպերի, ֆիզիկական և հաղորդակցական խոչընդոտների և մատչելի տեղեկատվական նյութերի պակասի պատճառով։
— Սեռով պայմանավորված բռնության մասին տեղեկատվությունը պետք է հասանելի լինի հատկապես նրանց, ովքեր ունեն դրա կարիքը, խոսքը, մասնավորապես, հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների մասին է,- ասում է Human Rights Watch կազմակերպության` հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով ղեկավար Շանթա Ռաու Բարրիգան: – Հաշմանդամություն ունեցող կանայք և աղջիկներն ամենից հաճախ են բռնության զոհ դառնում, միևնույն ժամանակ շատ քիչ տեղեկատվություն ստանում այն մասին, թե որտեղ կարող են օգնություն խնդրել։
Բավական մատչելի լեզվով հրատարակված ձեռնարկը հաշմանդամություն ունեցող անձանց և սեռով պայմանավորված բռնության ենթարկվածներին օգնող կազմակերպությունների համատեղ աշխատանքն է։ Վերջիններից մեկը գտնվում է Զամբիայում (Աֆրիկա), որտեղ Human Rights Watch-ը վերջերս հետազոտություն էր անցկացրել, որի արդյունքները հրապարակվել են «ՄԻԱՎ-ը և հաշմանդամություն ունեցող մարդիկ» զեկույցում։
Ձեռնարկը ցույց է տալիս, թե ինչպես պետք է ճանաչել, կանխել սեռով պայմանավորված բռնությունը և ինչպես օգնել դրա զոհերին։ Տարբերակված են «լավ» և «վատ» հպում հասկացությունները, բացատրվում է, թե ինչպես դիմել և ստանալ իրավաբանական, բժշկական և հոգեբանական օգնություն։ Հավելվածում տեղեկատվություն կա այն վայրերի մասին, որտեղ հաշմանդամություն ունեցող անձինք կարող են օգնություն փնտրել Զամբիայում։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` աշխարհի կանանց 35%-ը իր կյանքի ընթացքում սեռով պայմանավորված բռնության է ենթարկվել։ Հաշմանդամություն ունեցող կանայք և երեխաները անհամեմատ ավելի խոցելի խմբում են: Հաշմանդամություն ունեցող անձինք երեք անգամ ավելի շատ են ենթարկվում ֆիզիկական, սեռական բռնության և բռնաբարության։ Նրանք բախվում են խտրականության բազմաթիվ տեսակների, ներառյալ սեռով և հաշմանդամությամբ պայմանավորված խտրականությունը, ինչը նրանց դարձնում է ավելի մեկուսացված և խոցելի բռնության նկատմամբ։ Ֆիզիկական կամ մտավոր խնդիրներ ունեցող երեխաներն ու երիտասարդները ամենախոցելին խմբում են։
2014-ին Human Rights Watch-ը արձանագրեց Զամբիայում հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների խոցելիությունը բռնությունների նկատմամբ։ Զամբիայում հաշմանդամություն ունեցող կանայք և աղջիկները պատմել են, որ չեն կարողանում պաշտպանված սեռական կյանք վարել, ինչը վերաբերում է նաև պահպանակների օգտագործմանը՝ իրենց սեռական զուգընկերոջ կողմից ճնշման ենթարկվելու և մենակ մնալու վախի պատճառով։ Այս կանանց ավելի քան մեկ երրորդը իրենց զուգընկերոջ կողմից սեռական և ֆիզիկական բռնության է ենթարկվել։
Հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ ընտանիքի անդամների կողմից իրականացվող բռնության դեպքերը, ըստ Human Rights Watch-ի, շատ դժվար է բացահայտել։ Զամբիայում մի դեպքի առիթով սեռով պայմանավորված բռնության զոհերի կացարանի աշխատակիցներին խնդրել էին ուսումնասիրել մտավոր խնդիրներ ունեցող 16-ամյա մի աղջկա նկատմամբ կիրառված բռնության մի դեպք. աղջկա հայրը բռնաբարել էր նրան, ինչի հետևանքով աղջիկը երեք երեխա էր լույս աշխարհ բերել։ Համայնքի առողջապահության աշխատակիցները և աղջկա ծնողները Human Rights Watch-ին ասել են, որ շատ ծնողներ հաշմանդամություն ունեցող իրենց երեխաներին փակի տակ են պահում՝ վախենալով, թե նրանց նկատմամբ սեռական բռնություն կգործադրվի։
Human Rights Watch-ը բացահայտել է հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների նկատմամբ կիրառվող բռնության դեպքեր Հնդկաստանում, ներառյալ խոսքի ազատության սահմանափակումը, ինչպես նաև ֆիզիկական և սեռական բռնության դեպքերը ֆիզիկական կամ մտավոր խնդիրներ ունեցող կանանց և աղջիկների նկատմամբ։
Հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների նկատմամբ բռնության դեպքերը շատ հաճախ քողարկված են մնում բազմաթիվ խոչընդոտների պատճառով, որոնց նրանք բախվում են սեռական և վերականգնողական առողջության, հոգեբանական և իրավաբանական ծառայությունների անմատչելիության պատճառով: Human Rights Watch-ի տվյալներով` Ուգանդայում, օրինակ, բռնաբարության ենթարկված հաշմանդամություն ունեցող կանայք և աղջիկները հատկապես դժվարանում են օգնություն ստանալ անմատչելի տրանսպորտի և համապատասխան բժշկական սարքավորումների, ինչպես նաև ժեստերի լեզվի թարգմանչական համապատասխան ծառայությունների պակասի պատճառով։ Թուրքիայում, օրինակ` Human Rights Watch-ը բացահայտել է, որ արտակարգ իրավիճակների դեպքում հատկացվող կացարանները մի շարք քաղաքներում մատչելի չեն հաշմանդամություն ունեցող կանանց համար։
Աշխարհում հաշմանդամություն ունեցող երեխաները շատ հաճախ դուրս են մնում դպրոցից, որտեղ նրանք կարող են ստանալ նաև կրթություն սեռական կյանքի և առողջության մասին։ Զամբիայում Human Rights Watch-ի տվյալների համաձայն` եթե անգամ հաշմանդամություն ունեցող երեխաները կարողանում են դպրոց հաճախել, նրանք շատ հաճախ դուրս են մնում այն ծրագրերից, որոնք տեղեկություններ են տրամադրում ՄԻԱՎ-ի, դրանից պաշտպանվելու և կյանքի հմտությունների մասին, կամ էլ տրամադրվող կրթական նյութերը նրանց համար մատչելի ձևաչափով չեն։ Շատ երկրներում սեռով պայմանավորված բռնության մասին տեղեկությունները չեն տրամադրվում բրայլյան այբուբենով, խոշոր տառատեսակով, ավելի պարզեցված ձևաչափով կամ ժեստերի լեզվով։
Human Rights Watch-ը շեշտում է, որ երկրները պետք է օրենսդրություն մշակեն՝ ուղղված հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների դեմ բռնության կանխարգելմանը։ Կառավարությունները, ԱՄՆ-ի գործակալությունները, դոնորները և հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունները պետք է միասին աշխատեն՝ ապահովելու համար ներառական կանխարգելիչ և պաշտպանող ծառայություններ։ Ծառայություններն էլ իրենց հերթին պետք է ներառեն մատչելի տեղեկատվություն և սարքավորումներ, համապատասխան վերապատրաստում առողջապահության աշխատակիցների, ուսուցիչների և ոստիկանության համար այն մասին, թե ինչպես պետք է հաղորդակցվել հաշմանդամություն ունեցող անձանց հետ։ Անհրաժեշտ է նաև հաշմանդամություն ունեցող անձանց համայնքային մակարդակում ընդգրկել համապատասխան ծրագրերում և ծառայություններում»:

Նյութի աղբյուրը՝ Disabilityinfo
Թարգմանության աղբյուրը՝ www.hrw.org