Ինչպե՞ս շփվել մուրացկանությամբ զբաղվող կամ անօթևան մարդկանց հետ

Մուրացկանությունը և անօթևան լինելը ժամանակակից աշխարհի խնդիրն են, որը ոչ մի կերպ լուծում չի ստանում քանի որ մարդիկ շարունակում են խնդիրը իրենցից հեռու և իրենց չվերաբերվող համարել: 

Շատ անգամ իսկապես ցանկություն է առաջանում օգնելու կամ ինչ որ բան փոխելու, սակայն, ինչպե՞ս, ի՞նչ ակնկալես մարդուց ով փողոցում երկար ամիսներ անցկացնելու հետևանքով կեղտոտ հագուստ է կրում, ինչ որ անհասկանալի կերպար է և բացի այդ բացասական տրամադրվածություն և վախ է առաջանում: 
Առաջին հերթին պետք է հասկանալ, որ նման զգացողությունները բոլորովին նորմալ են, պետք չէ վախենալ այդ զգացողություններից, դրանք հուշում են, որ դուք այդքան էլ անտարբեր չեք: 
Միշտ հիշե՛ք, մուրացկանները կամ անօթևան մարդիկ նախ և առաջ մարդիկ են: Նրանք չեն ընկել երկնքից կամ միշտ նման կենսակերպով չեն ապրել: Ամեն մուրացկանի և անօթևան մարդու հետևում մի մեծ կյանքի պատմություն կա, որը բնականաբար վատ, տխուր, դժբախտ պատմություն է քանի որ նրանք հայտնվել են փողոցում մուրալու համար կամ այլ տեղ չեն ունեցել գնալու: 
Պարզապես ասեք Բարև


Այո, այդքան հեշտ ու պարզ: Շատ անգամ մարդիկ ովքեր քնում են փողոցում կամ մուրացկանություն են անում, արժանանում են անմարդկային վերաբերմունքի, կարծես իրենք են մեղավոր, որ կյանքը իրենց նման դաժան հարված է հասցրել: Նրանք բոլորի պես մարդիկ են, զգացմունքներով և մարդկային շփմանը կարևորություն տվող: Միգուցե գումար չունեք, կամ շտապում եք, բայց բարևելը և ժպտալը նրանց շատ ավելի կոգևորի և դուք սոլիդար կլինեք նրանց կյանքի համար պայքարին: Այսինքն առաջին հերթին ձեր դիմաց մարդ տեսեք ապա նոր մյուս ածականները: 
Անօթևան մարդկանց և մուրցականների նկատմամբ բռնությունը ֆիզիկական և հոգեբանական տեսակներ ունի, որոնք ՀՀ-ում չեն վիճակագրվում, սակայն, ենթադրելի է, որ բարձր են, հաշվի առնելով նրանց անպաշտպան և սոցիալական խոցելի խումբ լինելը: 
Կարո՞ղ եք պատկերացնել ձեզ անօթևանի կամ մուրացկանի տեղում: Ի՞նչ կզգաք եթե ձեզ ամեն օր կոպտեն կամ չիմանաք որտեղ եք քնելու և ի՞նչ է պատահելու ձեզ հետ: Հիմա պատկերացրեք նման կյանքը ամեն օր, որտեղից ելքը չկա և դուք ձեր ամենավերջին հույսը դնում եք ձեր քաղաքում/գյուղում ապրող մարդկանց վրա: 
Երբ դուք զզվանք, ատելություն, զայրույթ կամ վախ եք զգում անօթևան մարդկանց կամ մուրացկանությամբ զբաղվող մարդկանց նկատմամբ, դա նրանից է, որ նրանք ձեզ հիշեցնում են ձեր առավելության և արտոնությունների մասին: Դուք ունեք տուն, աշխատանք, դրամ ձեր գրպանում, ընտանիք, ընկերներ և բարեկամներ ձեր կողքին, հագուստ ունեք, կարող եք ձեզ շատ բաներ թույլ տալ, և վերջապես ունեք առաջին անհրաժեշտության և արժանապատիվ կյանքի համար ամեն ինչ, իսկ իրենք չունեն դա: 
Նրանց նայելիս նայեք նրանց աչքերի մեջ, գլխով արեք, ժպտացեք, ընկերական եղեք, մի վախեցեք նրանցից, ամեն ինչ արեք նրանց ցույց տալու, որ նրանք միայնակ չեն իրենց գոյության համար պայքարի մեջ: 
Գումար, սնունդ կամ հագուստ տվեք՝ եթե կարող եք


Տարածված կարծրատիպ է, որ մուրացկանները կամ անօթևանները իրենց ձեռքն ընկած ամեն միջոց ծախսում են ալկոհոլի կամ թմրանյութերի վրա: Նման մարդիկ, այ՛ո կան, սակայն, մի քանի հազար մարդու մի քանի հոգու պատճառով դատելը շատ սխալ է: Նրանք դրամ են մուրում, քանի որ ունեն դրա կարիքը: Ոչ ոք հաճույք չի ստանում փողոցներում գումար խնդրելուց և մուրալուց, մարդկանց կոպիտ վերաբերմունքին արժանանալուց: Շատ մուրացկաններ և անօթևան մարդիկ ասու մեն, որ դա իրենց ամենավերջին հանգրվանն է և իրենց համար դա ամենաստոր միջոցն է, որին դիմում են ամենածայրահեղ վիճակում: 
Հիշե՛ք, մուրացկանների 94%-ը իրենց մուրած դրամը ծախսում են սննդի վրա: Շատ անգամ անօթևան մարդիկ կարող են մեկ շիշ գինի կամ օղի գնել և մի քանի հոգով խմել այն, որը օգնում է նրանց անցկացնելու սառնաշունչ ձմեռային գիշերները: Այնպես, որ մի՛ շտապեք դատել մարդկանց: 
Եթե գումար չունեք կարող եք օգնել սննդով, դեղորայքով, հագուստով կամ պարզապես զրուցեք նրանց հետ: Միշտ հիշեք մարդկությունը ամենաբարձր հատկանիշն է, դրանից բացի ոչինչ արժեք չունի աշխարհում: 
Առօրյա պատմություն
Մի հետաքրքիր դեպք եղավ այսօր, երբ ես կանգառում կանգնած էի ու սպասում էի երթուղայինի: Կանգառում նստած էր մի կին, ով անօթևան էր ու շատ չար աչքեր ուներ, ըստ իմ առաջին տպավորության: Նրա կողքին աղբ էր թափված իսկ նրա շուրջը ծանր հոտ էր զգացվում: Ես չվախեցա նման տեսարանից և որոշեցի, որ ինչ էլ լինի ես ոչ մի կերպ իրավունք չունեմ հեռու գնալ նրանից միայն այդքան հատկանիշները դիտարկելուց հետո: Երբ ես նստեցի նրա կողքին կանգառում նա նայեց ինձ վրա և իջեցրեց իր շարֆը և ասաց, Ժամը կասե՞ս խնդրում եմ: Ես ժպտացի նրան, նա էլ ինձ ժպտաց և ես սիրալիր նրան ասեցի 8.30: Անցավ մի քանի րոպե և երթուղայինս եկավ, ես զգացի ինչքան կարևոր էր իմ ժպիտը այդ կնոջ համար: 
Հույսով ենք, որ մյուս անգամ անօթևան մարդու կամ մուրացկանի հանդիպելուց դուք այլ աչքով կնայեք նրանց: 
Ի՞նչ եք կարծում ՀՀ-ում մուրացկանության կամ անօթևան մարդկանց մասին: Ինչ որ բաներ կայի՞ն, որ մենք չենք նշել հոդվածի մեջ: Մեկնաբանեք՝ ստորև: