Դաժան փորձություններ, որոնց ենթարկվում են կանայք՝ հանուն գեղեցկության

Թերթ.am-ը ներկայացնում է վեց ամենադաժան ու շոկային փորձությունները, որոնց աշխարհի տարբեր անկյուններում և տարբեր դարաշրջաններում ենթարկել են կանայք՝ հանուն գեղեցկության չափանիշներին համապատասխանելու:

Աղբյուրը նկատում է, որ թևավոր խոսք դարձած «նորաձևության զոհ» արտահայտությունը իրականում պատմական հիմքեր ունի:
Դրանց շարքում է այսպես կոչված՝ «մերկ նորաձևությունը» 18-րդ դարի Եվրոպայից: Խոսքը Ամպիրի նորաձևության մասին է, որով տարված կանանց էլ հենց անվանում էին «նորաձևության զոհեր»: Այդ շրջանում, ձգտելով նմանվել ու նմանակել անտիկ գեղեցկուհիներին, ֆրանսուհիները, օրինակ, փողոց էին դուրս գալիս թեթև, շիֆոնից զգեստներով, որոնք հաճախ նաև թրջում էին՝ հատուկ «էֆեկտների» համար: Ամենևին էլ ոչ տաք եղանակային պայմաններում այդ նորաձևությունը թոքաբորբի և թոքախտի պատճառ էր դառնում:
Հին Չինաստանի «Լոտոսե» տոտիկների նորաձևությունը ցույց է տալիս, որ եվրոպացի գեղեցկուհիների չարչարանքները չինուհիների համեմատ ոչինչ էին: Հին Չինաստանում շատ էսթետիկ էին համարվում պստլիկ ոտքերը, որ անվանում էին «լոտոսե». այդպիսիք ստանալու համար կանայք թույլ էին տալիս հաշմել իրնց ոտնաթաթերը: Դրա համար չորս տարեկանից կնոջ ոտքերը մշտապես փաթաթվում էին թանզիֆով, ինչի հետևանքով ոտքի չորս մատները սերտաճում էին ոտնաթաթին, իսկ ոտնաթաթի երկարությունը չէր գերազանցում 7-10 սանտիմետրը: Այս տանջանքին ենթակա էին հատկապես հարուստ ընտանիքների դուստրերը. դա համարվում էր ազնվականության նշան և բարեհաջող ամուսնության երաշխիք: Չնայած անգամ ամուսինները այդ նրբին ոտքերը չէին տեսնում, քանի որ անգամ անկողնում կինը կոշիկներով էր լինում:
Հանուն գեղեկության կրվող տանջանքների թվում է նաև Կայան ցեղի կանանց «կարապի պարանոցը»: Հինգ տարեկանից ցեղի կանանց վզներին մետաղից վեց օղակ է հագցվում, և մինչև ամուսնությունը այդ օղակների թիվն անընդհատ համալրվում է: Երբեմն պարանոցին հագցված օղակների քաշը կարող էր հասնել 9 կգ-ի: Դա ևս հաջող ամուսնության երաշխիք էր: Սակայն դավաճանության դեպքումը ամուսինը իրավունք ուներ հանել կնոջ վզի օղերը, ինչը նրան սպառնում էր մահվամբ:
Ճապոնիայի այնու ցեղի կանայք էլ իրենց ժպիտ-շուրթեր էին «դաջում»՝  դանակով ժպիտատիպ կտրվածքներ անում շուրթերի հատվածում: Վերքերը լցվում էին մոխրով: Այդ կերպ նրանք ցանկանում էին ընտանեկան բարեկեցություն ապահովել և հանգստություն անդրշիրիմյան կյանքում:
Իսկ ապատանիս ցեղի կանայք ամենևին էլ հոգ չին տանում գեղեցկության համար: Ընդհակառակը, նրանք այլանդակում էին իրենք իրենց՝ ականջներում ու քթում լայն «թունելներ» զետեղելով, մարմնին վանող դաջվածքներ անելով: Այդ կերպ նրանք կանխում էին իրենց ամուսնությունը այլ ցեղերի տղամարդկանց հետ: Սա ցույց էր տալիս, որ նրանք պատրաստ են իրենց կյանքը ապրել միայն ցեղակիցների հետ:
Չինաստանում յաո ժողովրդի կանայք հանուն գեղեցկության երկարացնում են իրենց մազերը, որոնք կարող են մինչև երկու մետրի հասնել: Նրանք մազերը կտրում են միայն կյանքում մեկ անգամ՝ 16 տարեկանում: Այս «գեղեցկությունը» նախատեսված էր միայն ամուսնու աչքերի համար: Այն օտար տղամարդիկ, ովքեր կտեսնեին այս չինուհիների երկար մազերը, ստիպված կլինեին երեք տարով ամուսնական կյանքով ապրել նրանց հետ: